Գյումրիում Արտյոմ Կարապետյանի («Շեկո») սպանության գործով մարտի 26-ի դատական  նիստին հարցաքննված վկաները, ինչպես եւ նախորդ նիստի ժամանակ, իրենց նախաքննական ցուցմունքներին հակասող ցուցմունք տվեցին։ Դատական նիստը լսվեց առանց տուժողի՝ ԱԺ պատգամավոր Մարտուն Գրիգորյանի քավորի՝ Հարություն Խաչատրյանի  (Քավոր Հարութ) ներկայության: Հիշեցնենք, որ սպանության համար մեղադրվում է 24-ամյա Վահե Ղուկասյանը (Գյումրիի նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի եղբորորդին)։

Ընդհանուր առմամբ, հարցաքննվեց 4 վկա։ Դեպքի վայրին մոտ գտնվող «Նվերներ» վաճառատան աշխատակցուհին՝ Շուշաննա Օհանյանը, պատմեց, որ տեսել է խանութի կողքին կանգնած սեւ մեքենան եւ ատրճանակով միջին տարիքի մի տղամարդու, որը իջել է վարորդի կողքի նստատեղից:

«Ես տեսա, որ սեւ գույնի մի մեքենա կանգնեց, տղամարդ դուրս եկավ միջից, ձեռքին ատրճանակ նկատեցի, վախեցա ու ներս վազեցի, ինձանից հետո ձայներ լսվեցին ու 10 տարեկան աղջնակ վազեց ներս, վախեցած էր ու ասում էր՝ պապաս, պապաս, ես էլ երեխին գրկեցի ու վազեցի խանութի պահեստային մաս, 15 րոպե հետո դուրս եկա, տեսա՝ հավաքված մարդիկ կային, չեմ էլ տեսել՝ ինչ է եղել, էսքան բան, ես էլ բան չեմ հիշում»,-պատմեց վկան:

Մեղադրողը հակասություն նկատեց վկայի ցուցմունքում եւ միջնորդեց ընթերցել վկայի տված նախաքննական ցուցմունքը, որում նա չէր գրել այն մասին, որ տեսել է սեւ մեքենայից իջնող տղամարդու՝ ձեռքին էլ ատրճանակ:

Վկան էլ մեղադրողին պատասխանեց, որ նախաքննական մարմնին ցուցմունք տալիս վատ է զգացել, արագ գրել եւ դուրս է եկել, սակայն հետո հիշել է տեսածը, որն էլ այսօր պատմեց  դատարանին:

Մյուս 3 վկաների ցուցմունքներում  եւս հակասություններ նկատեց մեղադրողը եւ ընթերցեց նրանց նախաքննական ցուցմունքները:

Գործով վկա Սերգեյ Ղափլանյանը, որը «Ցածր գներ» խանութի տնօրենն է, պատմեց,  որ դեպքի օրը իր վաճառողուհիներից երկուսը դրսում առեւտրով են զբաղված եղել ու վախեցած ներս են մտել՝ բղավելով՝ կրակում են.

«Երբ որ ներս մտան,  ասին՝ կրակում են, տեսանք, որ խանութի պատուհանը  վնասված է, թե ինչ էր կատարվում դրսում, չենք տեսել, ոստիկանների գալուց ենք մենք դուրս եկել միայն, չեմ էլ իմացել՝ ինչ է եղել, ու չեմ էլ ուզում իմանամ՝ ինչ է կատարվել: Հետո ոստիկանները մեր խանութից փամփուշտ գտան»,- պատմեց Սերգեյ Ղափլանյանը:

Դատարանը նաեւ գործով այլ վկաների էր ծանուցել, սակայն վերջիններս չէին ներկայացել, նրանց թվում նաեւ ԱԺ պատգամավոր Մարտուն Գրիգորյանի հայրը՝ Կամո Գրիգորյանը:

Հաջորդ դատական նիստը տեղի կունենա ապրիլի 3-ին:

Հիշեցնենք, որ 2013թ. ապրիլի 23-ին, Ժամը 13.00-ի սահմաններում, Գյումրիի բժշկական կենտրոնից ոստիկանության Գյումրիի բաժնում ահազանգ էր ստացվել, որ Գյումրի քաղաքի Շիրակացի 54բ շենքի մոտից հրազենային վնասվածքներով իրենց մոտ են տեղափոխվել Հարություն Խաչատրյանը («Քավոր Հարութ») եւ Արտյոմ Կարապետյանը («Շեկո»): Վերջինը հիվանդանոցում մահացել էր: Ապրիլի 24-ին ոստիկանության Գյումրիի բաժնում 24-ամյա Վահե Ղուկասյանը (Գյումրիի նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի եղբորորդին) խոստովանել էր, որ նշված հանցագործությունը կատարել է ինքը:

Վահե Ղուկասյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 34-104 հոդվածի 2-րդ մասի 1-ին եւ 6-րդ կետերով, 104 հոդվածի 1-ին մասով եւ 235 հոդվածի 1-ին մասով: Վահե Ղուկասյանը չի ընդունում իրեն առաջադրված մեղադրանքը եւ պնդում է, որ ինքնապաշտպանվել է, առաջինը իր վրա են  կրակել։

Նշենք, որ «Քավոր Հարութը» եւ «Շեկոն» նախկինում խնդիրներ են ունեցել Գյումրիի նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի հարազատների հետ:

Վահե Ղուկասյանի եւ «Քավոր Հարութի» միջեւ հակամարտության պատմությունը գալիս է դեռեւս 2013թ., երբ «Քավոր Հարութն» այն ժամանակ դեռ անչափահաս որդին՝ Գեւորգ Խաչատրյանը, Սլաբոդկա թաղամասում վիճաբանելով Վարդան Ղուկասյանի եղբոր ՝Գեվորգ Ղուկասյանի հետ, հարվածել էր վերիջինին՝ հասցնելով մարմնական վնասվածք: Այս դեպքից հետո հակամարտող ընտանիքների երիտասարդները հաշտության եզրեր չգտան, մինչեւ տեղի ունեցավ ողբերգություն։