Գյումրիի քաղաքապետի աթոռը կորցնելու մտքի հետ չհամակերպվող նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի պահվածքը Շիրակի ոստիկանապետ Վարդան Նադարյանի կարծիքով՝ ավելի շատ հոգեբանական, քան քրեական խնդիր է։ Այս մասին Շիրակի ոստիկանապետն ասաց այսօր՝ մարտի 27-ին, Գյումրիի քաղաքապետարանի աշխատակիցների հետ հանդիպման ժամանակ։
Գյումրիի քաղաքապետարանի աշխատակիցներից մեկի հարցին, թե ինչու է Գյումրիում գործում երկու քաղաքապետ եւ երկու քաղաքապետարան, եւ արդյոք դա օրենքի սահմաններում է, ոստիկանապետը պատասխանեց. «Կոնկրետ դա մարդկանց անդաստիարակության, անպարկեշտության, չգիտեմ՝ գուցե եւ հոգեկան ներաշխարհի հետ խնդիրներ ունենալու հետեւանքն է, դա քրեորեն պատժելի երեւույթ չի, եթե մարդը բացել ա, նույն հաջողությամբ կարող է բացել մարզպետարան կամ, չգիտեմ, Մայքլ Ջեքսոն իր օֆիսի անունը կարա դնի, Մագնոլիա։ Ուրեմն ես ձեզ մի բան ասեմ, էստեղ հոգեբանականի հետ է խնդիրը, էդ գործողությունների մեջ ոչ մի կրիմինալ կամ նման բան չկա, դա շատ վատ երեւույթ ա ,ամոթ երեւույթ ա, եւ նման երեւույթները չգիտեմ ինչ-ինչ պատճառներով ծնվեցին, բայց այլեւս թույլ չենք տալու անդաստիարակ քայլեր»։
Նադարյանն ասել է, որ Գյումրի քաղաքում ոստիկանության աշխատանքի հետ կապված արդեն բավական փոփոխություններ են նկատվում, գյումրեցիներն ազատ շփվում են դրսում հերթապահող ոստիկանների հետ, եւ խոստացել է հետեւողական լինել քաղաքում հանցագործությունները նվազեցնելու հարցում։
Հիշեցնենք, որ վերջերս՝ Զորավար Անդրանիկի ծննդյան տարեդարձին՝ Գյումրիի նախկին քաղաքապետի թիկնապահը Զորավարի արձանին ծաղկեպսակ էր դրել՝ հետեւյալ գրությամբ. «Անդրանիկ Օզանյանին ` քաղաքապետ Վարդան Ղուկասյանից»։ Ծաղկեպսակը հեռացրել էին Գյումրիի գործող քաղաքապետ Սամվել Բալասանյանի հրահանգով։











