«Հարսնաքարի» գործով մեղադրյալներ Գարիկ Մարգարյանի, Դավիթ Ադամյանի եւ Արթուր Բաբլոյանի ընտանիքի անդամները այսօր՝մարտի 27-ին, ՀՀ նախագահին ուղղված իրենց բողոք-խնդրանքը հանձնեցին նախագահական նստավայրի քաղաքացիների ընդունելության եւ նամակների բաժին:
Մեղադրյալների հարազատները Սերժ Սարգսյանին ուղղված նամակում խնդրում են հետեւել, որ դատական գործում տարանջատվեն անմեղները եւ ոչ բոլորը դատապարտվեն 12 տարվա ազատազարկման։
Նշենք, որ արդեն 3-րդ օրն է, ինչ «Հարսնաքարի» գործով 6 ամբաստանյալներից 5-ի՝ Գարիկ Մարգարյանի, Արման Խաչատրյանի, Արման Բաղդասարյանի, Արթուր Բաբլոյանի, Դավիթ Ադամյանի հարազատները գալիս են նախագահական նստավայր, որպեսզի արտահայտեն իրենց բողոքը մարտի 24-ին առաջին ատյանի դատարանի կայացրած վճռի վերաբերյալ:
Մեղադրյալ Գարիկ Մարգարյանի մոր՝ Նունե Մարգարյանի կարծիքով, դատավորը անարդարացի վճիռ է կայացրել, քանի որ հաշվի է առել միայն տուժող կողմի տված ցուցմունքները:
«Նորայր Հայրապետյանը ասաց, որ ինքն է հարվածել Վահե Ավետյանին, եւ իր հարվածից է եղել դեպքը: Նա ասաց՝ իմ խղճի դեմ ես չէի կարողանում, որ տեսնում եմ՝ այս անմեղ տղաներին իմ հետ պետք է տանեմ, դրա համար որոշել եմ խոստովանել: Նորայրն է խփել՝ չմտածելով որ նրան կարող է վնասել: Ինչո՞ւ դատարանը Նորայրի կամ տղաների տված ցուցմունքները հաշվի չառավ, ու բոլորին նույն պատիժը տվեց: Իմ տղան էլ թող պատասխան տա միայն իր արածի չափով»,- NEWS.am-ի հետ զրույցում ասաց Նունե Մարգարյանը:
Դատապարտյալ Արման Խաչատրյանի հոր՝ Յաշա Խաչատրյանի կարծիքով էլ՝ 12 տարվա ազատազրկման դատապարտելը կրակոց էր 6 ընտանիքների վրա. «Դատախազը 13 տարվա ազատազրկման մեղադրանք առաջադրելով՝ կանգնեց, կրակեց 6 ընտանիքների վրա, երեխաների վրա, միանգամից կրակեց, որ ոչնչացնի: Իմ տղան երկու բարձրագույն ավարտ տղա է, ինչո՞ւ սարքեցին հանցագործ, նա գնացել է աշխատելու, որ իր երեխային պահի, ինչո՞ւ նրանց սարքեցին հանցագործ: Ինչո՞ւ են երեխայի աշխատող հոր ձեռքերը կապել, տարել: Ինչո՞ւ էր դատախազն ասում, որ ցուցմունքներն անարժանահավատ են»
Յաշա Խաչարյանն ասաց, որ ինքը հասկանում է Վահե Ավետյանի ընտանիքի ցավը, բայց գիտակցում է նաեւ, որ Նորայր Հայրապետյանը չի ցանկացել սպանել նրան. «Ես հայ մարդ եմ, ընդունում եմ Վահե Ավետյանի ընտանիքի տարած ցավն ու տառապանքը: Բայց գիտակցում եմ, որ ձեռքի կռվի մեջ ոչ մեկ չի պատկերացնում, որ ինքը խփում ա մահացնելու համար, ստացվել է, ոնց որ սպորտում է պատահում»։
Արման Բաղդասարյանի կինն էլ NEWS.am-ի հետ զրույցում ասաց, որ «Հարսնաքարի » գործով ճիշտ քննություն չեն անցկացրել.
«Դատաքննության ընթացքում տուժողների ցուցմունքները անգամ իրար հակասում էին: Երբ որ Արտակ Բայադյանը ենթադրաբար ցուցմունք էր տալիս, որ այնտեղ են եղել, ուրեմն խփած կլինեն, հաշվի առան էդ ցուցմունքը, իսկ տուժող Գարիկ Սողոմանյանը, կոնկրետ իմ ամուսնու վերաբերյալ ասաց, որ Արման Բաղդասարաանին չի տեսել, դա ինչո՞ւ հաշվի չառան»,- ասաց Աստղիկ Մանուկյանը:
Արման Բաղդասարյանի հայրը՝ Վաղինակ Բաղդասարյանն էլ չի հասկանում, թե ինչու է դատավորն այդքան խիստ դատել մեղադրյալներին.« Անխիղճ վճիռ կայացրեց դատավորը: Այնպես դատեց, ոնց որ Սաֆարովին ա դատում»:
Նշենք, որ մարտի 24-ին Հարսնաքարի գործով բոլոր 6 ամբաստանյալներին դատարանը, դատապարտեց 12-ական տարվա ազատազրկման։ Հիշեցնենք, որ մեղադրողը 13 տարվա ազատազրկում էր պահանջել ամբաստանյալների համար։
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, 2012թ. հունիսի 17-ին, ժամը 23:00-ի սահմաններում, այդ ժամանակ ՀՀԿ խմբակցության պատգամավոր, ՀՀ ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանին պատկանող «Հարսնաքար» համալիրում դաժանորեն ծեծի էին ենթարկվել մի քանի ռազմական բժիշկներ: Նրանցից մեկը՝ Վահե Ավետյանը, հունիսի 29-ին վախճանվել էր հիվանդանոցում՝ առանց գիտակցության գալու: Հարուցված քրգործի շրջանակում մեղադրանք է առաջադրվել 6 մարդու՝ Արման Խաչատրյանին, Նորայր Հայրապետյանին, Գարիկ Մարգարյանին, Արման Բաղդասարյանին, Դավիթ Ադամյանին եւ Արթուր Բաբլոյանին, որոնց թվում են նաեւ Ռուբեն Հայրապետյանի թիկնապահները:
Լուսանկարը՝ Արսեն Սարգսյանի/NEWS.am











