«Աջ սեկտոր» կազմակերպության ակտիվիստները Կիեւում գրոհում են Գերագույն Ռադայի շենքը: Այդ մասին հաղորդում է «Censor.NET»-ը՝ վկայակոչելով «Ուկրաինսկայա պրավդային»: Ակտիվիստները բերել են անվադողեր, թակում են խորհրդարանի դռները, կոտրում են դռների ու պատուհանների ապակիները:

Հավաքվածները բացականչում են «Հեղափոխություն», պահանջում են ներքին գործերի նախարար Արսեն Ավակովի հրաժարականը եւ տրիբունալ պաշտպանության նախկին նախարար Տենյուխի համար:

Ռադայի խոսնակ Ալեքսանդր Տուրչինովի՝ սադրանքը դադարեցնելու կոչերը չեն գործում: Դրանց պատասխան գոչում են «Ամոթ»:

Ներքին գործերի նախարար Արսեն Ավակովի հրաժարականի մասին ցուցարարների պահանջը փոխանցել են Գերագույն Ռադայի պատգամավորներին, հաղորդում է «ՌԲԿ-Ուկրաինան»:

«Մենք հանգստություն ենք պահպանում եւ սպասում ենք բանակցողների Գերագույն Ռադայից, ովքեր նախարարներին են փոխանցել մեր պահանջները»,- հայտարարել է «Աջ սեկտորի» ակտիվիստ Օլեգ Օդնորոժենկոն: Խորհրդարանի շենքի մոտ գտնվում է մոտ 2000 մարդ:

Մինչ այդ Մայդանում արտահերթ Վեչե է կայացել Սաշա Բելիի հիշատակին: Ակտիվիստներն այնտեղ որոշել են ամեն օր առավոտյան ժամը 9-ին գալ Գերագույն Ռադայի շենքի մոտ եւ ամեն երեկո 19:00-ին Վեչե կազմակերպել: