Ժամկետային զինծառայող Լյուքս Ստեփանյանի սպանության գործով դատական նիստին այսօր՝ մարտի 28-ին,  ամբաստանյալ Դավիթ Խաչատրյանը Տավուշի մարզի ընդհանուր իրավասության դատարանում հայտարարեց, որ իրեն լավ չի զգում, չի կարող ցուցմունք տալ,  եւ խնդրեց հետաձգել նիստը:

«Այնքան կանեք՝ մինչեւ հասնի մայիսի 15-ը, ես այդ օրը սպանություն կգործեմ, քանի կարող եք՝ շուտ փակեք դատը»,- վրդովված բացականչեց սպանված զինծառայողի մայրը՝ Լուիզա Ստեփանյանը, որին սաստեց ամուսինը` Իշխան Ստեփանյանը։ Վերջինը, ինչպես փոխանցում է NEWS.am-ի թղթակիցը, այսօր իրեն ոչ միայն շատ հանգիստ էր պահում, այլև հորդորում էր նիստին ներկա իր բարեկամներին խուսափել նիստի ընթացքում ռեպլիկներից:

Ամբաստանյալի պաշտպան Երեմ Սարգսյանն էլ հաստատեց, որ իր պաշտպանյալը գտնվում է ծանր բարոյահոգեբանական վիճակում եւ այս դատական նիստին  չի կարող ցուցմունք տալ, նաեւ դատարանին խնդրեց իրեն տրամադրել Դավիթ Խաչատրյանի նախաքննական ցուցմունքի տեսագրությունը, որն իր մոտ չկա։

Դատարանի դահլիճում ցուցադրվեց ամբաստանյալի դեպքի վայրում տված ցուցմունքի տեսագրությունը, որտեղ ամբաստանյալ Դավիթ Խաչատրյանը քննիչի ուղեկցությամբ քայլում է դեպքի վայրում եւ պատմում դեպքի մանրամասները: Տեսագրությունում ամբաստանյալը, որ հազիվ է քայլում եւ խոսում, մի քանի անգամ ապարդյուն փորձում է քննիչի հրահանգով ցույց տալ, թե ինչպես է քաշել ձգանը եւ կատարել կրակոցը, եւ անընդհատ նշում էր, որ մատը պատահաբար է դիպչել ձգանին: Դեպքի մանրամասները պատմելուց հետո ամբաստանյալը քանդում է ինքնաձիգը եւ ցույց տալիս մի զսպանակ՝ նշելով, որ իր ինքնաձիգում այդ զսպանակը չի եղել, եւ գուցե այդ պատճառով է ձգանը հեշտությամբ քաշվել:

Տեսագրության ամբողջ ընթացքում սպանված զինծառայողի մայրը գլուխը կախ արտասվում էր, իսկ ամբաստանյալը ուշադիր նայում էր տեսագրությունը:

«Տո գետին նայա, գետին, մի նայա էկրանին, գետինը մտնես դու, անտեր ճուտ էր հա՞, խփեցիր, գնաց»,- հուզված ամբաստանյալին դիմեց Լուիզա Ստեփանյանը:

Տեսագրությունում ամբաստանյալը պատմում է, որչ որ դեպքի ժամանակ ոչ միայն Լյուքս Ստեփանյանն է իրեն սեռական բնույթի հայհոյանքներ տվել, այլեւ ինքն է նման հայհոյանքներով պատասխանել Լյուքսին, մինչդեռ  դեպքի վայրում գտնվող վկաները իրենց ցուցմունքներում նշել էին, որ Դավիթ Խաչատրյանը հայհոյանքներով չի պատասխանել Լյուքս Ստեփանյանին:

Անուհետեւ դատարանը անցավ իրեղեն ապացույցների քննությանը: Դատավորը հերթով հանում էր փամփուշտը, հուշատետրը, արյունանման զանգված, ուղեղանյութը եւ մյուս ապացույցները, եւ երբ հասավ սպանված զինծառայողի գլխարկին, տիկին Լուիզան չդիմացավ եւ բարձրաձայն արտասվելով՝ բացականչեց. «Ցեղասպանություն ես արել մայիսին, կյանքդ մեռնի, սա թուրք ա, օսման թուրք ա, իմ զինվոր բալին ինձ տուր»:

Նշենք, որ դատական նիստին մասնակցելու էր գնացել մոտ 80-100 մարդ՝ Լյուքս Ստեփանյանի հարազատներն ու համագյուղացիները: Դատական հաջորդ նիստը տեղի կունենա ապրիլի 8-ին։

Ինչպես ավելի վաղ հաղորդել էր NEWS.am-ը, 2013թ. մայիսի 15-ին, ժամը 15:30-ի սահմաններում ՀՀ ՊՆ N զորամասի պահակախմբի մուտքի դիտորդ, ժամկետային զինծառայող, շարքային, 19-ամյա Դավիթ Ռաֆայելի Խաչատրյանն իրեն ամրակցված ԱԿՄ տեսակի ինքնաձիգից կրակոց էր արձակել, ինչի հետեւանքով պահակախմբում ընդգրկված ժամկետային զինծառայող, շարքային Լյուքս Ստեփանյանը գլխի շրջանում ստացած հրազենային վիրավորումից տեղում մահացել էր, իսկ նույն զորամասի ժամկետային զինծառայող, շարքային Հրաչյա Վաղինակի Սարգսյանը գլխի շրջանում ստացել էր հրազենային վիրավորում: Քրեական գործ էր հարուցվել 104 հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետով եւ 112 հոդվածի 1-ին մասով: