Արարատյան դաշտը գտնվում է աղետալի վիճակում, եւ դրա հիմնական պատճառը ձկնաբուծարաններն են, հաղորդում է «ԷկոԼուրը»

Նայելով Արարատյան դաշտում գտնվող ահռելի չափերի հասնող ձկնաբուծարաններին` տպավորություն է, որ դրանք ոչ թե ձկնաբուծարաններ, այլ լճեր են: Այսքանից հետո զարմանալի չէ, որ Արարատյան դաշտի համայնքների բնակիչները մնացել է առանց ջրի:

«Ռանչպար համայնքի ձկնաբուծարաններից եւ ոչ մեկը չի պատկանում գյուղացիներին, նրանք այդտեղ աշխատում են որպես բանվորներ՝ օրական 5000 դրամ աշխատավարձով: Բնակիչներից պարզեցինք, որ նրանք դեռեւս ջրի խնդիր չունեն, քանի որ բոլորի տների մոտ տեղակայված են արտեզյան հորեր, եւ նրանք կարողանում են անխնա օգտվել ջրից: Սակայն գյուղացիները գիտակցում են, թե մի քանի տարի անց ինչ աղետալի վիճակ կարող է լինել, պարզապես նրանք չեն ուզում բարձրաձայնել, քանի որ դեռ խնդիր չունեն»,- ասել է Արարատի Օրհուս կենտրոնի համակարգող Հռիփսիմե Սարգսյանը:

Ռանչպար համայնքը դեռեւս ջրի խնդիրը չունի, սակայն նույնը չի կարելի ասել Արարատյան դաշտի այլ համայնքների մասին, որոնք տարիներ շարունակ իրենց օրվա ապրուստը վաստակել են  զբաղվելով հողագործությամբ : Այսօր կա շատ մեծ վտանգ, որ ջրի խնդիրը նրանց կկանգնեցնի հացի խնդրի առջեւ: