Գյուղնախարար Սերգո Կարապետյանին եւ նրա հետ Արարատի մարզի Արմաշ գյուղ այցելած փոխվարչապետ Արմեն Գեւորգյանին, ԱԻՆ նախարար Արմեն Երիցյանին  եւ Արարատի մարզպետ Արամայիս Գրիգորյանին Արմաշի գյուղապետ Հակոբ Զեյնալյանը այսօր՝ ապրիլի 1-ին, ներկայացրել է վերջին երկու օրերի ցրտահարությունից հետո առաջացած բոլոր խնդիրները, հիմա ճշտվում է վնասի չափը։ Այս մասին NEWS.am-ին ասաց գյուղապետը։

«Մեկ էլ քննարկվել է՝ ինչով կարող են ժողովրդին օգտակար լինել: Ենթադրում եմ՝ կօգնեն պարարտանյութով եւ ոռոգման ջրով»,- ասաց Արմաշի գյուղապետը։

Գյուղապետի խոսքով՝ գյուղում նախորդ տարի մրգի վաճառքից միայն 400-500 միլիոն դրամի եկամուտ են ունեցել, իսկ այս տարի այդքանի վնաս են կրել. կորիզավոր մրգերի ամբողջ բերքը փչացել է։

Գյուղացիները դժգոհեցին, որ օդերեւութաբանները իրենց սխալ ինֆորմացիա են տվել. մարտի 30-ին ոչ թե անձրեւ, այլ սաստիկ ձնաբուք է եղել, եւ ոչ ծխահարումը, ոչ էլ ոռոգումը չեն օգնել փրկել այգիները:

«Մարտի 31-ին այնպիսի ուժեղ փոթորիկ էր, որ անցել եմ հողի կողքով, չեմ տեսել, որ դա իմ հողն ա, կրակ վառելու հնարավորություն ընդհանրապես չկար, չէի կարա կանգնեի, որ կրակ վառեի։ Իրանց օգնությունը կլինի այն, որ ինձ օգնեն՝ մի տարի այգիս ձրի ջրեմ»,-ասաց Արմաշի բնակիչ Պարույր Բարսեղյանը:

Գյուղացիների խոսքով՝ արմաշցիներից յուրաքանչյուրը 5000 դոլարից ավելի վարկ ունի, բայց հույս էլ չունեն, որ իրենց վարկերը այս տարի գոնե կսառեցնեն:

«Բանկը թող գա, մեր տները, ավտոները տանի, վարկ չենք կարող վճարել»,- ասաց Արմաշի գյուղացիներից մեկը:

Արմաշցիները իրենց ընտանիքները պահելու համար արդեն մտածում են արտագնա աշխատանքի մասին:

«Արմաշի գյուղացին այս տարի մի կիլո միրգ չի կարա հանձնի, բերքն ամբողջությամբ վնասվել է, գոնե պետությունը կազմակերպի՝ արտագաղթեն, որ իրենց ընտանիքները պահեն, թե չէ մնան էստեղ, իրար կուտեն»,- բողոքեց գյուղացիներից մեկը:

Արմաշի գյուղապետ Հակոբ Զեյնալյանն էլ կատակեց, թե ինքն էլ է 6 ամսով գնալու Ռուսաստան քար շարելու:

Գյուղացիների խոսքով՝ եթե ամեն տարի գյուղից արտագնա աշխատանքի էր մեկնում 50 հոգի, ապա այս տարի 50 տղամարդ կմնա գյուղում, այն էլ՝ պահակություն անելու, «որ թուրքերը գյուղ չմտնեն»: