Երևանի պետական բժշկական քոլեջի հարևանությամբ՝ Կորյունի 10 եւ Տերյան 72 հասցեներում գտնվող կրպակները, որոնցից մեկում օպտիկա, մյուսում հացաբուլկղեն էր վաճառվում, այսօր՝ ապրիլի 1-ի առավոտյան, քաղաքապետարանի որոշմամբ ապամոնտաժվել են: Կրպակները վարձակալող քաղաքացիներն անակնկալի են եկել, երբ քաղաքապետարանի աշխատակիցների հետ տարածք է եկել նաև վերամբարձ կռունկը, «մետաղե ջարդոնի վերածել կրպակներից մեկն ու տեղափոխել»:
«Առավոտյան ապօրինաբար եկան, ասեցին՝ ազատեք: Մենք նստած էինք ներսը, քանդում էին մեր կրպակը: Լիցենզավորված գործունեություն էր: 5 տարի է՝ աշխատացնում ենք: Ոչ մի գրավոր որոշում չեն ներկայացրել, ապօրինաբար քանդում են»,-NEWS.am-ի հետ զրույցում ասաց օպտիկայի տաղավարը վարձակալող Բագրատ Հովհաննիսյանը, որը համոզմունքով նշեց, որ կրպակները քանդում են, որպեսզի քոլեջի տնօրեն Մկրտիչ Մկրտչյանն իր ցանկացած բիզնեսը դնի այնտեղ:
Հացաբուլկեղենի կրպակը վարձակալող Հրաչ Թադևոսյանը պատմեց, որ 45 տարի է, ինչ իրենց ընտանիքը վարձակալում է այդ տարածքն ու այդտեղ առևտուր իրականացնում: Նրա խոսքով՝ քաղաքապետարանը վերջին տարիներին առանց որևէ պատճառի ձգտել է ապամոնտաժել տաղավարները:
«Քաղաքապետարանի հետ ամեն տարի պայմանագիր ենք կնքում տարածքը վարձակալելու համար: 2008-ից մինչեւ այսօր պայմանագիր չկնքեցին, որ գան քանդեն: Եկան, ասեցին՝ դուրս եկեք: Մեզ ասում են՝ որոշում կա, բայց դա մենք չենք տեսել: Մենք դատարան ենք դիմել օրեր առաջ, որ հանեն ապամոնտաժելու որոշումը: Բայց քանի որ մեր սիրելի, հարգելի դատարանը մեր հարգելի քաղաքապետարանին արգելանք չի դնում, որ գործողություններ մի սկսեք մինչև որոշում ընդունելը, դրանից հետևում ա, որ քաղաքապետարանը կարա գա քանդի, եթե արգելանք չկա: Մեջս վախ կա, որ կարող ա վաղը գան, տունն էլ էդ ձևով ասեն՝ դատարկի, որ քանդենք: Տուն էր էլի, էս էլ էր տուն, սրանով ընտանիք էինք պահում»,-մեզ հետ զրույցում ասաց Հրաչ Թադևոսյանը:
Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քաղաքաշինության և հողի վերահսկողության վարչության տարածքային երկրորդ բաժնի պետ Արմենը Գրիգորյանը, որն այդ պահին հետեւում էր ապամոնտաժման աշխատանքներին, NEWS.am-ի թղթակցին ասաց, որ քաղաքապետի կողմից կա կրպակները քանդելու որոշում։
Քաղաքապետարանի աշխատակազմի քաղաքաշինության և հողի վերահսկողության վարչությունից տեղեկացնում են, որ տաղավարները Երևան համայնքի սեփականություն հանդիսացող հողամասերի վրա են, հողամասերի օգտագործման համար գույքային իրավունքի որևէ գրանցում չեն ունեցել, վարձակալության ժամկետներն ավարտվել են դեռևս 2009թ. եւ օգտագործողները բազմիցս իրազեկվել են ապամոնտաժման աշխատանքների մասին։











