Ազգային ժողովի սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, ՀՀԿ-ական պատգամավոր Հակոբ Հակոբյանը համոզված է, որ Սահմանադրական դատարանի ապրիլի 2-ից հետո կառավարության հրաժարականը պահանջելը հասարակության խնդիրն է, իսկ իրենք միայն եզրակացություն կանեն այդ պահանջից: Այս մասին Հակոբ Հակոբյանն ասաց «Կուտակային կենսաթոշակի մասին» օրենքի մի քանի դրույթները հակասահմանադրական ճանաչելու ՍԴ որոշման հրապարակումից հետո ՍԴ առջեւ պատասխանելով լրագրողների հարցին, թե երբ է կառավարությունը հրաժարական տալու։

«Կառավարության հրաժարականի մասին հարցրեք կառավարությանը, թե երբ է հրաժարական տալու: Շատ պարզ է խնդիրը: Կառավարության հրաժարական պահանջելը հասարակության խնդիրն է, մեր խնդիրը չէ, մենք՝ մեծամասնությունը, մեր եզրակացությունը կանենք դրանից»,- ասաց նա:

Անդրադառնալով Սահմանադրական դատարանի կայացրած որոշմանը՝ Հակոբյանը նշեց, որ ինքը շարունակելու է պաշտպանել կուտակային կենսաթոշակների գաղափարը. «Եթե իրավական տեսանկյունից նայենք, ապա մեր իրավական դաշտում շատ թերի բաներ կան, պատճառը ոչ թե ես եմ, մեծամասնությունը կամ փոքրամասնությունը, դրա պատճառները խիտ են: Նորից եմ ասում, որ ես պաշտպանել եմ, պաշտպանում եմ ու պաշտպանելու եմ կուտակային կենսաթոշակների գաղափարը: Բացի դրանից օրենքի կետերն են հակասահմանադրական, օրենքը հակասահմանադրական չի»:

Նշենք, որ ՍԴ-ն մինչեւ սեպտեմբերի 30-ը ժամանակ է տվել խորհրդարանին եւ կառավարությանը՝ վիճահարույց օրենքի հակասահմանադրական ճանաչված դրույթները փոփոխության ենթարկելու համար: Մինչեւ այդ կատարված պարտադիր կենսաթոշակային բոլոր վճարումները պետք է վերանայվեն: Որոշումն ուժի մեջ է մտել հրապարակման պահից:

Ապրիլի 28-ին խորհրդարանական չորս ոչ կոալիցիոն ուժերը կառավարությանն անվստահություն հայտնելու հարցն են բարձրացնելու Ազգային ժողովում: Քաղաքական ուժերը պատրաստվում են նաեւ շուրջօրյա հանրահավաք կազմակերպել Ազատության հրապարակում ապրիլի 28-30-ը: