Գյումրիի քաղաքապետ Սամվել Բալասանյանը որոշում է ընդունել քաղաքապետարանի եւ 22 համարի միկրոավտոբուսային երթուղին սպասարկող «Սրընթաց ուղիներ» ՍՊԸ-ի միջեւ պայմանագիրը լուծարելու վերաբերյալ։ Ընկերությունը դիմել է դատարան՝ բողոքարկելով քաղաքապետարանի որոշումը, դատարանը դեռ որոշում չի կայացրել, սակայն այսօրվանից արդեն երթուղային գիծը սպասարկող մեքենաներին թույլ չեն տալիս գիծ դուրս գալ։ Սա բողոքի ալիք է բարձրացրել վարորդների շրջանում, որոնք այսօր՝ ապրիլի 2-ին, բողոքի ակցիա են անցկացրել Գյումրիի Սախարովի անվան հրապարակում։

«Էս ի՞նչ ձեւ է, ինքը կուզե, կփակե՞, թող գոնե զգուշացնեին, որ մի քշեք, մինչեւ դատը չավարտվի, ոչ թե դնեին ու անտեղի տուգանեին»,- NEWS.am-ին ասացին վարորդները՝ նշելով, որ այսօր ճանապարհային ավտոտեսուչները տարբեր պատրվակներով տուգանել են իրենց, մեկին՝ նախատեսվածից ավելի շատ ուղեւոր վերցնելու, մյուսին՝ թերի փաստաթղթերի կամ սպիտակ պետհամարանիշերի համար՝ տուգանելով մինչեւ 40.000 դրամ։ Վարորդներից մեկը դժգոհեց, ոստիկանները քաշքշել են իրենց, փորձել են խփել։

Վարորդները հուսահատ են՝ փաստորեն, ոչ աշխատանք ունեն, ոչ էլ գումար՝ տուգանքները վճարելու համար։

«Անտեղի կանգնեցնում են, տուգանում, քիչ էլ չէ՝ 35.000-40.000 դրամ, ի՞նչ անենք, որտեղից վճարենք, չեն թողնում քշենք, ո՞ւմ խաղն է սա, կմտածե՞ն գոնե, թե քանի ընտանիքի սոված կթողնեն, ոնց որ հանցագործություն արած լինենք, մեր քաղաքի ոստիկանները քիչ են, դրսից էլ են մարդ բերել, որ ի՞նչ անեն»,- դժգոհեցին վարորդները։

Նշենք, որ Գյումրիի թիվ 22 երթուղին մինչեւ 2016թ. շահագործման լիցենզիա ունի։ Երթուղու «գծատերը» Գյումրու նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի որդին է՝ Սպարտակ Ղուկասյանը:

Հիշեցնենք, վերջերս, այն բանից հետո, երբ Սամվել Բալասանյանի ընտանիքը Վարդան Ղուկասյանի որդուն՝ Սպարտակ Ղուկասյանին մեղադրել էր իրենց առանձնատան դիմաց կրակոցներ արձակելու համար,  Բալասանյանը հայտարարել էր, որ այլեւս չի հանդուրժելու եւ Ղուկասյաններին պատժելու է իր մեթոդներով։

Իրավիճակը մեկնաբանելու NEWS.am-ի հարցմանը քաղաքապետարանը դեռ չի պատասխանել։