Ցրտահարության վնասները մեղմելու ուղղված միջոցառումների վերաբերյալ այսօր՝ ապրիլի 2-ին, Արմավիրի մարզի Մյասնիկյան գյուղում փոխվարչապետ Արմեն Գևորգյանի անցկացրած խորհրդակցությունից գյուղացիները ոչ մի դրական սպասելիք չունեն, առավել ևս որ իրենք հնարավորություն չեն ունեցել ներկա գտնվել հանդիպմանն ու խոսել փոխվարչապետի հետ:

«Իրանք հազիվ իրանցով խոսել են: Բայց գյուղում կլուբ կա, կլուբի դիմաց եքա պլաշադկա կա: Գալիս էր, թող գար ժողովրդի ներկայությամբ խոսեր: Բայց ի՞նչ պիտի ասեին: Էլի պիտի փափուկ բարձ դնեին, ջուրը խմցնեին, թողնեին, էթային: Իրանք ի՞նչ ասելիք պիտի ունենան ժողովրդին: Մի ընտրության ժամանակ են գալի, իրանց փողերը հավաքում, խոսքը վեկալում,  կուտը տալիս, թողում էթում»,-NEWS.am-ի հետ զրույցում ասաց գյուղացիներից Գևորգ Մալխասյանը:

Նշենք, որ գյուղի համայնքապետարանում գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանի, մարզպետ Աշոտ Ղահրամանյանի,  Բաղրամյանի տարածաշրջանի համայնքների  եւ ջրօգտագործողների ընկերությունների (ՋՕԸ) ղեկավարների մասնակցությամբ կայացած հանդիպման ժամանակ փոխվարչապետն ասել էր, որ մարզում  ցրտահարության պատճառած վնասի չափերը ճշգրտելու համար ներկայում աշխատանքներ են իրականացվում: Նրա խոսքերին, սակայն, գյուղացիները թերահավատորեն են մոտենում՝ նշելով, որ նախորդ տարվա կարկտահարությունից հետո էլ ղեկավարներն իրենց շատ խոստումներ տվեցին, սակայն չկատարեցին: Նրանք չեն վստահում ոչ փոխվարչապետին, ոչ էլ գյուղնախարարին:

«Գյուղանախարարն ասում ա՝ ծուխ արեք ծառերի տակ, ցրտահարությունից պաշտպանեք: Գյուղնախարարը, որ իրան գյուղնախարար ա կոչում, չի ասու՞մ, որ վերևից անձրև ա գալի, կրակը որտեղի՞ց կվառվի, մուխը որտե՞ղից կլնի: Ամեն մարդ գյուղնախարար ա աշխատում: Մի հատ կրթված մարդ չկա, որ աշխատի, ասի հա, սենց-սենց ա: Պիտի մարդ ծառը էտել իմանա, որ գյուղնախարար աշխատի: Ինձ տանեն դնեն մինիստր. որ գաղափար չունեմ գրիչ բռնելուց, ո՞նց աշխատեմ մինիստր: Պիտի մարդ փորձ ունենա ծառ կտրելու, էտելու, որը պիտի կտրվի, չկտրվի, յաբախտնա ես էլ կարամ աշխատեմ: Սարի չոբանն էլ կարա գա, ասի՝ մինիստր եմ, բայց որ խելքը չի հասնում՝ ինչ: Էս մեր երկիրը անիծված երկիր ա: Ով քնից հելավ, ղեկավար ա աշխատում՝ ի վնաս ժողովրդի»,-բողոքեց Գևորգ Մալխասյանը:

Նա նշեց, որ բացի ցրտահարության առաջացրած վնասներից,  բերքը տուժում է նաև քիչ ջրվելու հետևանքով: Ջրի խնդրի պատճառով գյուղացիները բերքը 15 օրը մեկ են ստիպված  լինում ջրել, ինչն էլ նվազեցնում է բերքի քանակը:

Հիշեցնենք, որ մարտի 30-ի գիւշերը ցրտահարության  պատճառով Արարատի եւ Արմավիրի մարզերում ցրտահարվել ու գրեթե 90 տոկոսով վնասվել են կորիզավոր մրգերի ծաղկած ծառերը։