Արմավիրի մարզի Արտիմետ գյուղում արդեն 3 գիշեր բերքը ցրտահարությունից փրկելու համար գյուղացիները ջերմոցներում մոմեր, վառարաններ են վառում և բերքը մի քանի շերտ կտորով ծածկում:
Կեսգիշերին նրանց հետ հողատարածքներում է եղել նաև NEWS.am-ի նկարահանող խումբը և տեսանկարահանել՝ ինչպես են նրանք բերքը պաշտպանում գիշերը սպասվող ցրտահարությունից:
«Արդեն երրորդ օրն ա` պայքարում ենք ցրտի դեմ: Արդեն երկրորդ արկղ մոմն եմ գնել: 8-ից վառում եմ, գիշերվա 12-ին նորից վառում եմ: Չգիտենք լավ կլինի, չի լինի, էս քանի օրն էլ պայքարենք, լավ կլինի, Աստված տա: Եթե չեղավ, ստիպված պետք է գնանք այլ երկրներ այլ աշխատանքների»,-NEWS.am-ի հետ զրույցում ասաց արտիմետցի Խաչիկ Ալեքսանյանը, որն իր տնամերձ հողատարածքում ելակի ու վարունգի ջերմոցներ ունի եւ նախորդ օրերի ցրտահարության հետևանքով կորցրել է ելակի բերքի 20%-ը:
Գյուղացիները հույս ունեն, որ առաջիկա օրերին եղանակը կտաքանա, այլապես այլեւս ի վիճակի չեն լինի ջերմոցները ևս մի քանի օր տաքացնել։
«Ֆինանսները վերջացել ա, մնում ա մեր շորերը տանենք փռենք հողերի վրեն, նստենք, Աստծուն խնդրենք, որպեսզի ցուրտը չտանի: Ցրտի դիմաց ոչ մի բան չենք կարա անենք»,-ասաց Խաչիկ Ալեքսանյանը՝ նշելով, որ այդ դեպքում իրենք կարողանա վճարել գյուղատնտեսական վարկերը:
«300 հազար դրամ վարկ ենք վերցրել, սաղ տվեցինք մոմին, գազին, լույսին, վիճակ չկա էլ: Գյուղացուն անտեսում են, միայն ասում են՝ կօգնենք, կօգնենք, կօգնենք, ոչ մի բանով էլ չեն օգնում: Եթե էս քանի օրն էլ էլի ցուրտ արեց, գյուղացին էլ որտեղի՞ց եկամուտ ունենա»,- նշեց Խաչիկ Ալեքսանյանը՝ հավելով, որ Արտիմետի բնակչության կեսից ավելին բանջարաբոստանային կուլտուրաներ է աճեցնում, և միայն մեծ ջանքերի շնորհիվ է պահպանում բերքը։
Հիշեցնենք, որ մարտի 30-ի գիշերը ցրտահարության պատճառով Արարատի եւ Արմավիրի մարզերում ցրտահարվել ու գրեթե 90 տոկոսով վնասվել են կորիզավոր մրգերի ծաղկած ծառերը։











