Երևանի քաղաքապետարանում կայացած տրանսպորտի սակագնի շուրջ հերթական նիստի ժամանակ այսօր՝ ապրիլի 4-ին, հանձնաժողովի անդամ ուղևորափոխադրողները զայրացան և հանձնաժողովից պահանջեցին ասել, թե վերջապես երբ է որոշվելու տրանսպորտի ուղեվարձի գինը եւ ավարտվելու արդեն 8 ամիս տեւող հանձնաժողովի աշխատանքները։
«Մենք, որպես փոխադրողներ, պատրաստ ենք անել ամեն ինչ, որ անհրաժեշտ է անել, որ այս աշխատանքներն ի վերջո ավարտվեն, և ունենանք հստակ որոշում, ի վերջո ունենալո՞ւ ենք, թե ոչ»,- վրդովված հանձնաժողովի նախագահին դիմեց փոխադրողներից մեկը:
Ուղեւորափոխադրողի կարծիքով՝ հանձնաժողովն աշխատում է իր հնարավորությունների 20 տոկոսի չափով. «Հանձնաժողովի աշխատակազմը նախագահի հետ մեկտեղ բացի քվեարկությունից անում է այն ամենը, ինչ պիտի անեին հանձնաժողովի անդամները, եթե հանձնաժողովի անդամը չի աշխատում, պարտավոր են ինքնաբացարկ ներկայացնել»։
Վահե Նիկոյանը հորդորեց, որ հանձնաժողովի անդամները զսպեն էմոցիաները, եւ նշեց, որ նրանք կարող են առաջարկություններ ներկայացնել, եւ ինքը որեւէ մեկին երբեք չի սահմանափակել դրանում. «Անկախ ամեն ինչից հանձնաժողովն ունի լիազորություն՝ հաշվի առնելու սոցիալական խմբերին: Եվ ինչ որոշում էլ ընդունվի՝ հանձնաժողովը պետք է հաշվի առնի հանրության խնդիրը»:
Փոխադրողների միության նախագահ Հրանտ Եղիազարյանը նույնպես պահանջեց ներկայացնել վերջնաժամկետ. «Ի՞նչ ենք մենք ուզում անել, երևի էս տրանսպորտային համակարգն էլ վերացնենք, ինչպես վերացան փոքր և միջին ձեռնարկությունները, ոչնչացնե՞նք այս ստեղծված համակարգը»:
«Եթե մենք որոշեինք վերացնել այդ համակարգը, բնականաբար դա այն ճանապարհով չէր լինի, որով մենք հիմա շարժվում ենք: Մեզ իրոք հետաքրքրում է հասարակական տրանսպորտի պահպանումը և զարգացումը»,- փոխադրողների միության նախագահին պատասխանեց հանձնաժողովի նախագահը։
Նշենք, որ այսօր նիստի ընթացքում ներկայացվեցին IPSC սոցիոլոգիական եւ քաղաքական ուսումնասիրությունների ինստիտուտի ուսումնասիրության արդյունքները, ըստ որի, 15% շահութաբերության դեպքում ներքաղաքային ուղեվարձի արդյունավետ գինը միկրոավտոբուսի համար 207 դրամ է, դիզելով շահագործվող ավտոբուսների համար՝ 252 դրամ, գազով աշխատող ավտոբուսների համար՝ 176 դրամ։ Նույն ուսումնասիրության համաձայն՝ առանց շահութաբերության շահագործվելու դեպքում միկրոավտոբուսների ուղեվարձը պետք է լինի 180 դրամ, դիզելով և գազով ավտոբուսներինը՝ համապատասխանաբար 219 և 170 դրամ։ Քաղաքապետարանի ներկայացուցիչը, սակայն, նշեց, որ իրենք ամեն ինչ անելու են առաջարկվող գները նվազագույնի հասցնելու համար։











