Խարկովում բախումներ են գրանցվել եվրամայդանի ակտիվիստների եւ ֆեդերալիզացիայի կողմնակիցների միջեւ: Տեղական լրատվամիջոցների փոխանցմամբ, կրակոցներ են հնչել, կան տուժածներ:
Ապրիլի 13-ին Խարկովում երկու ցույց է անցկացվել: Դրանցից մեկի ժամանակ «եվրամայդանցիներն» ազգային դրոշներ են բարձրացրել, «Ոչ անջատողականությանը», «Ամոթ դավաճաններին», «Ուկրաինան՝ առաջին հերթին» կարգախոսով պաստառներ բռնել: Ռուսամետ ցույցի մասնակիցները վանկարկել են «Ռուսաստան, Ուկրաինա, Բելառուս», «Ֆաշիստները չեն անցնի»:
Երբ Մայդանի ակտիվիստները սկսել են ցրվել, տարբեր կողմերից մի քանի հարյուր երիտասարդներ հարձակվել են ակցիայի մասնակիցների վրա: Տեղական «Главное» պարբերականը հաղորդում է կրակոցների եւ պայթյունների, ինչպես նաեւ եվրամայդանի ակտիվիստներից մեկի վիրավորվելու մասին, ում տեղափոխել են հիվանդանոց: Հաղորդվում է նաեւ երկու կողմից այլ տուժածների մասին:
Ռուսական դրոշների ներքո ֆեդերալիզացիայի կողմնակիցների ցույցեր վերջին երկու օրերին անցկացվում են Ուկրաինայի արեւելյան մի քանի շրջաններում՝ Դոնեցկում, Խարկովում եւ Լուգանսկում: Ակցիաների մասնակիցները պահանջում են իրենց շրջանների կարգավիճակի շուրջ հանրաքվե անցկացնել, ինչպես նաեւ երկիրը դաշնային պետության վերածել:












