Կուտակային կենսաթոշակների օրենքի հետ կապված «քառյակի» առաջարկած նախագծի 5 կետերից 3-ն ընդունվել է մեր կողմից: Այս մասին, այսօր՝ ապրիլի 26-ին, ՀՀԿ գործադիր մարմնի նիստից առաջ, լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ նորանշանակ վարչապետ Հովիկ Աբրահամյանը:
«Երկուշաբթի օրը նախագիծը կներկայացվի խորհրդարան եւ ինքներդ կհամոզվեք, որ օրենքի պարտադիր բաղադրիչը կասեցված է: Ես հստակ ասել եմ, որ պարտադիր բաղադրիչը դե ֆակտո կասեցվում է: Հասարակության մեծ մասը հասկացել է դա, իսկ կառավարության ներկայացրած ծրագրում լինելու են դեռեւս տույժերի վերահաշվարկի հետ կապված կետեր: Այսինքն գործատուները կարող են չվճարել եւ դրա համար չեն տուգանվելու: Իսկ մնացած ամեն ինչը ՍԴ առաջարկած ժամկետում կներկայացնենք»,-ասաց նա:
Հարցին, թե Տիգրան Սարգսյանի հետ քննարկե՞լ եք այս ստեղծված իրավիճակը, քանի որ նա մի որոշում էր կայացրել, դուք՝ մեկ այլ, Հովիկ Աբրահամյանը ժպտալով հարցրեց. «Ո՞ր գործունեությանը»: Լրագրողների դիտակմանը, թե նոր նորանշանակ վարչապետը նոր մոտեցումներ է ցուցաբերում, նորանշանակ վարչապետը համաձայնեց, նշելով. «Բա իհարկե, նոր մոտեցումներ կլինեն, նաեւ շարունակական գործընթացներ կլինեն»:
Հարցին, թե Տիգրան Սարգսյանը ողջունո՞ւմ է կուտակայինի հետ կապված ձեր քայլը, նա պատասխանեց. «Իրեն հարցրեք, ինքը Հայաստանում չէ, ես այդ հարցը նրա հետ չեմ քննարկել»:
Հարցին, թե ավելի շատ լուծումնե՞ր է ժառանգություն ստացել, թե՞ խնդիրներ, Հովիկ Աբրահամյանը չպատասխանեց, ասելով. «Ես ձեզ հարգեցի, ձեր հարցերին պատասխանեցի, հիմա դուք ինձ հարգեք, թույլ տվեք գնամ: Ես անձամբ ձեզ հետ հանդիպելու եմ, բոլոր հարցերին պատասխանեմ: Գոնե միանաք ինձ, որ գործ անենք, որ բոլոր խնդիրները լուծում ստանան, փորձում եք խանգարել ինձ: Ինչի՞ համար, գոնե խորհուրդներ տաք»:
Ինչ վերաբերում է Ռոբերտ Քոչարյանի խոսքին, ըստ որի նոր վարչապետին ծանր ժառանգություն է բաժին հասել, Աբրահամյանը չարձագաքեց, ասելով. «Ձեզ հաջողություն եմ մաղթում»:











