Հայաստանի տրանսպորտի եւ կապի նախարար Գագիկ Բեգլարյանը ապրիլի 25-ի  երեկոյան ընդունել է Գյումրիի կայարանի լոկոմոտիվային դեպոյի աշխատակիցներին,  որոնք երեկ առավոտյան գործադուլ էին հայտարարել:

Նախարարի հանձնարարությամբ՝ մինչ այդ Գյումրիում  գործադուլի մասնակիցների հետ հանդիպել էր ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարարության աշխատակազմի երկաթուղու վարչության պետ Արսեն Մկրտչյանը, ով լսելով մեքենավարների բարձրացրած հարցադրումները, նրանց էր փոխանցել նախարար Գագիկ Բեգլարյանի՝  դեպոյի աշխատակիցների հետ հանդիպելու առաջարկությունը:

Գործադուլի մասնակիցների ներկայացուցիչները  նախարարին մանրամասն ներկայացրին իրենց մտահոգող բոլոր խնդիրները, որոնք պատճառ էին դարձել գործադուլ հայտարարելու համար:

Շուրջ 3 ժամ տեւած հանդիպման ընթացքում, որին ներկա էին նաեւ «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ի ներկայացուցիչները,  բարձրացված հարցերը հիմնականում առնչվում էին աշխատանքային պայմանագրերում կատարված փոփոխությունների հետեւանքով վարձատրության (երկարամյա աշխատանքի համար գումարը պարգեւավճարով փոխարինելու հետեւանքով ) նվազմանը,  վճարահաշվարկային կարգին,  աշխատանքի անվտանգության նորմերի պահպանմանը, վագոնավարների բուժսպասարկման համար գանձվող վճարներին, ինչպես նաեւ աշխատանքային իրավահարաբերություններին առնչվող եւ ոլորտի կառավարման բնագավառում առկա մի շարք այլ խնդիրների:

Նախարարը, լսելով  մեքենավարների  փաստարկները եւ ՀԿԵ-ի ներկայացուցիչների հակափաստարկները, անընդունելի համարեց առանց նախարարության իրավասու կառույցներին խնդիրը ներկայացնելու  ծայրահեղ քայլի գնալը՝ գործադուլ անելը:

«Եթե գոյություն ունեցող  խնդիրները ՀԿԵ-ի կառավարման ոլորտում լուծում չէին  ստանում, ապա անհրաժեշտ էր դրանք համակարգված ներկայացնել նախարարության համապատասխան ստորաբաժանմանը, որն էլ իր լիազորությունների շրջանակներում ընթացք կտար դրանց»,-նշեց Գագիկ Բեգլարյանը՝ հավելելով, որ նախարարությունը ամեն կերպ կաջակցի բարձրացված խնդիրների իրավաչափ եւ արդարացի լուծմանը:

Նախարարը, կարեւորելով եռակողմ ձեւաչափով խնդիրների լուծումը, նախարարության համապատասխան ստորաբաժանումների ներկայացուցիչներին հանձնարարեց բոլոր հարցերը մանրամասն քննարկել, ոլորտում իրականացնել մշտադիտարկում, երկաթուղու աշխատակիցներին ցուցաբերել մշտական իրավական օժանդակություն,  ինչպես նաեւ քննարկման  արդյունքների վերաբերյալ սեղմ ժամկետում ներկայացնել առաջարկություններ:

Գագիկ Բեգլարյանի հետ հանդիպման եկած մեքենավարները դրական գնահատեցին հանդիպումը: Նրանք ընդգծեցին, որ բարձրացված  հարցերի վերաբերյալ նախարարի արագ արձագանքն իրենց հույս ներշնչեց, որ օրենքի շրջանակներում դրանց արդարացի լուծում կտրվի: