Հոլանդացի Շոն Բաքլսը աճուրդում իր «թվային հոգին» վաճառել է 350 եվրոյով: Ուսանողի անձնական կյանքը ձեռք բերել The Next Web ընկերությունը, որը զբաղվում է տեղեկատվական տեխնոլոգիաների մասին լուրերի հրապարակմամբ, հաղորդում է «ՌԻԱ նովոստին»՝ վկայակոչելով ABC News-ը:
Շոն Բաքլսի «թվային հոգին» բաղկացած է նրա բնակության կոնկրետ հասցեից, նրա բոլոր էլեկտրոնային փոստերի, բոլոր բժշկական գրառումների, նրա ինտերնետ բրաուզերի պատմության, ինչպես նաեւ սոցիալական ցանցերում նրա բոլոր գրառումների հասանելիությունից:
Հոլանդացի ուսանողը չի ափսոսում իր արարքի համար եւ հույս ունի դա ավելի մեծ ուշադրություն կգրավի ինտերնետում տվյալների գաղտնիության թեմայի վրա:
Շոն Բաքլսը իր «թվային հոգին» վաճառելու հայտարարությունն ինտերնետում տեղադրել էր դեռ ապրիլի սկզբին: «Դա ինչ-որ հույս էր, որ իմ անհատական տվյալները կարելի է առցանց հսկողության տակ պահել եւ տեղեկանալ, թե որքանով են դրանք կարեւոր ուրիշների համար»,-հայտարարել է Շոնը: Նրա խոսքով՝ ընկերությունը, որը ձեռք է բերել իր տվյալները, այդ տեղեկատվությունը կօգտագործի՝ ուսումնասիրելու համար սոցիալական ցանցերում մասնավոր կյանքի անձեռնմխելիության հարցերը:











