Հնդկական պարն ամենաբարդ պարերից է։ Բացի բոլոր պարերին հատուկ ոտքերի, ձեռքերի դիրքերից, այն ունի նաեւ իր ժողովրդական դիրքերն ու շարժումները, որոնք պարի մեջ օտագործվում են միաժամանակ, ինչն էլ այդքան բարդ է դարձնում հնդկական պարը։
«Հնդկական պարը իմ ռեպերտուարի ամենադժվար ու երկար բեմադրվող պարերից է։ Մոտ երկու ամիս բեմադրել ենք՝ աշխատելով, գլխի, ձեռքերի, ոտքերի յուրաքանչյուր շարժման վրա։ Ամբողջը հակաշարժումներ են։ Շատ դժվար է համադրել ձեռքի, ոտքի հակադիր շարժումները»,- ասում է Թինա Քեյը, որի պարարվեստի և կրկեսի ստուդիայում այլ ազգերի պարերի հետ միասին դասավանդում են նաեւ հնդկական պարեր։
Այս պարի յուրաքանչյուր ժեստ ու շարժում իր իմաստն ունի։ Պարուհու խոսքով՝ հնդկական պարի միջոցով կարելի է ցույց տալ մի ամբողջ պատմություն։
«Հնդկական պարը ցնորք է, անիրականանալի մի բան, և եթե այդ ամենին իսկապես լուրջ ես վերաբերվում, ապա իսկապես հասկանում ես, որ նրանց արվեստն անծայրածիր է, և կարելի է ուղղակի խոնարհվել»,-ասում է նա:
Թինա Քեյի ստուդիայի սաները հիմնականում երեխաներ են։ Պարուհին նկատում է, որ Հայաստանում հասուն տարիքում խուսափում են պարել սովորել՝ կարծելով, թե պարել պետք է սկսել ավելի վաղ տարիքից, սակայն պարել սովորելը երբեք ուշ չէ։
«Պարելիս սկսում են աշխատել այնպիսի մկաններ, որոնց մասին անգամ մարդը չէր կարող պատկերացնել, և բացի դրանից, պարի ընթացքում հնարավոր է ստանալ այնպիսի հոգեկան բավարարվածություն, որ ուրիշ ոչ մի դեպքում հնարավոր չէ»,- ասում է Թինա Քեյը։
Պարի միջազգային օրը՝ ապրիլի 29-ին, Թինա Քեյը բոլորին խորհուրդ է տալիս, անկախ տարիքից, երբեք չդադարել պարել։











