Արդեն 10 տարվա ընկերներ Սայաթի ու Վանիկի տաքսի մեքենաները առանձնանում են Երեւանում երթեւեկող մյուս տաքսիներից։ 22-ամյա Սայաթ Հայրապետյանի եւ 25-ամյա Վանիկ Ղազարյանի մեքենաները ներսից ու դրսից պատված են «Բարսելոնա» ֆուտբոլային ակումբի լուսանկարներով եւ խորհրդանիշերով:
«Բարսելոնայի» սիրահարը մեր մեքենան նստելով` փորձում է հաճույք ստանալ, ավելի շատ է սիրում այդ թիմը, փորձում է իր սերը մեր տաքսու միջոցով արտահայտել, դրանից էլ մենք ենք մեզ ավելի լավ զգում, ուրախանում ենք, որ այդ թիմի սիրահարները կարողանում են արտահայտել իրենց սերը «Բարսելոնա» թիմի հանդեպ»,-ասում է Սայաթ Հայրապետյանը:
Սակայն, միշտ չէ, որ երիտասարդների մեքենայի դուռը բացում են «Բարսելոնայի» երկրպագուները։ Տաքսու մեջ մթնոլորտը լարվումէ հատկապես այն ժամանակ, երբ մեքենան կանգնեցնում է «Ռեալի» երկրպագուն։ Սայաթը մի քանի դեպք է հիշում.
«Ինքը ահավոր շատ էր սիրում «Ռեալ», ընդհանրապես, ատում էր «Բարսելոնան», իրար հետ մի փոքր վիճեցինք, վիճելուց հետո «Բարսելոնան» «Ռեալին» կրեց, ու մի ամիս հետո այդ հաճախորդին նորից հանդիպեցի պատահական, ու ասեցի՝ հիշո՞ւմ ես, պատասխանեց՝ հիշում եմ, բայց դա ոչինչ չի նշանակում, մի տարի էլ կլինի, որ մենք կկրենք, ասեցի՝ եղավ, բայց արի ներկան չփոխենք ապագայի հետ: Մի անգամ էլ «Ռեալի» մի երկրպագու նստեց մեքենան, նայեց, տեսավ ամեն ինչ «Բարսելոնային» է հիշեցնում մեքենայում, չիջավ, այլ ուղղակի փախավ մեքենայից»,-պատմում է Սայաթը:
Սայաթի խոսքով` Հայաստանում իրենք չունեն իրենց տաքսիներին արժանի «հակատաքսիներ». «Ճիշտ է՝ կան մանր-մունր ֆուտբոլային թիմերի անուններով տաքսիներ, բայց մեր տաքսիների նման չկա եւ մենք փորձում ենք այնպես անել, որ աչք ծակի, ու մարդիկ ավելի շատ սկսեն սիրել ֆուտբոլը, «Բարսելոնա» թիմը»:
Երիտասարդներն իրենց մեքենաների ձեւավորման ընթացքում հաշվի են առել յուրաքանչյուր մանրուք, որպեսզի ավելի հետաքրքիր դարձնեն մեքենաների դիզայնը. «Նույնիսկ դրոշը հատուկ պատվիրել եմ, սպիտակ կտորի՝ մաքրության գույնի վրա «Բարսելոնա» թիմի լոգոն է, որը տեղադրել եմ իմ ու ընկերոջս մեքենաների մեջ»։
Երիտասարդների ֆուտբոլային կիրքը նաեւ մարկետինգային լավ քայլ է. մեքենաները «ա-լա-Բարսելոնա» ձեւավորելուց հետո հաճախորդների թիվը եւ եկամուտը ավելացել է:
«Այսպես ասած բացի խերից «Բարսելոնայից» ուրիշ բան դեռ չենք տեսել, բայց մենք ոչ թե գումար աշխատելու համար ենք մեր մեքենաները ձեւափոխել, այլ մեր հաճույքի համար»,-ասում է Սայաթ Հայրապետյանը:
Վանիկ Ղազարյանի տաքսու վրայի «համբույրները» հաճախորդների լավագույն գնահատականն է երիտասարդ տաքսիստների կրեատիվ մոտեցմանը. «պաչիկները» մեքենան մեկ անգամ նստելուց հետո պատվիրել ու իր կողմից մեքենայում փակցրել է իսպանական ակումբի երկրպագու հաճախորդուհին։











