Կուտակային կենսաթոշակների պարտադիր բաղադրիչի դեմ պայքարող «Դեմ եմ» նախաձեռնության անդամներն այսօր`մայիսի 5-ին, մեքենաներով շրջեցին Հանրապետության հրապարակում՝ քաղաքացիներին բարձրախոսով հրավիրելով մայիսի 8-ին կայանալիք Պահանջի երթին: Ակցիայի մասնակիցները «Մենք դեմ ենք փուչիկ խոստումներին» եւ «Պահանջիր, որ ձեռքերը հանեն քո գրպանից» գրությամբ թռուցիկներ բաժանեցին քաղաքացիներին`նրանց միանալու կոչեր անելով: (ֆոտոռեպորտաժ)
«Ինչպես գիտեք, ՍԴ-ն հակասահմանադրական է ճանաչել օրենքի այն կետը, որով գործատուները կարող են պահումներ կատարել աշխատողներից առանց նրանց համաձայնության: Շարունակել այդ դրամաշորթությունը ոչ այլ ինչ է, քան քաղաքացիների գրպանը մտնել: Մենք պահանջով դիմում ենք կառավարությանը` ձեռքերը հանել քաղաքացիների գրպանից»,- NEWS.am-ին ասաց Մանուկ Զաքարյանը:
Ակցիայի մեկ այլ մասնակից` «Դեմ եմ» նախաձեռնության անդամ Արսեն Մանուկյանը, նշեց, որ մայիսի 8-ի Պահանջի երթով իրենք եւս մեկ անգամ իրենց պահանջներն են բարձրացնում, քանի որ դրանք դեռ չեն կատարվել: Նա նշեց, որ իրենք պայքարելու են այնքան ժամանակ, մինչեւ բավարարվեն այդ պահանջները:
Ակցիայի մասնակիցները հրապարակից մի քանի տասնյակ մեքենաներով շարժվեցին Ավան եւ Նոր-Նորք համայնքներ, որտեղ կշարունակեն իրազեկման ակցիան։
Նշենք, որ «Դեմ եմ» քաղաքացիական նախաձեռնությունը մայիսի 8-ին՝ ժամը 19:00-ին, հավաքվում է «Մոսկվա» կինոթատրոնի մոտ՝ Պահանջի երթ անցկացնելու:
«Վերջերս մենք իշխանություններից միայն լսում ենք խոստումներ, մոլորեցնող ու ոչինչ չասող հայտարարություններ: Իշխանությունների կողմից չկա որեւէ ռեալ քայլ՝ ուղղված ՍԴ կողմից ամրագրված եւ մեր կողմից բարձրաձայնված հանրային պահանջների ամբողջական կատարմանը:
Այլեւս չենք ուզում իշխանության որեւէ ներկայացուցչից լսել որեւէ խոստում ու հայտարարություն, քանի որ դրանք մենք արդեն բավականաչափ լսել ենք: Այժմ բացառապես ուզում ենք տեսնել հանրային պահանջի անհապաղ ու ամբողջական կատարմանն ուղղված ռեալ քայլեր, այն է՝ ոչ մեկից, առանց անձի ազատ կամարտահայտության, չգանձել որեւէ պարտադիր կուտակային կենսաթոշակային վճար»,- ասվում է հայտարարության մեջ:
Հիշեցնենք, որ կառավարությունը օրենսդրական նախաձեռնություն է ներկայացրել խորհրդարան` որով նախատեսվում է կասեցնել «Կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի 76-րդ հոդվածի գործողությունը, ըստ որի պարտադիր վճարները չկատարելու դեպքում տույժեր չեն կիրառվի: Նախաձեռնությունը կքննարկվի մայիսի 12-ին նշանակված արտահերթ նիստի ժամանակ։
«Դեմ եմ» թիմի անդամները Հովիկ Աբրահամայանի այս նախաձեռնությունը բավարար չեն համարում եւ պահանջում են օրենքից հանել պարտադիր բաղադրիչը։











