«Դեմ եմ » նախաձեռնության անդամները, որոնք պայքարում են  կուտակային կենսաթոշակների պարտադիր բաղադրչի դեմ այսօր՝մայիսի 10-ին, շրջեցին Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի փողոցներով, շենքերի բակերով եւ մարդկանց կոչ արեցին միանալ իրենց պայքարին:

«100-ից ավելի գործատու իրենց  աշխատողների աշխատավարձից  մի կոպեկ պահում չեն կատարում: Ժողովուրդ ջան , դուք եւս դրա իրավունքը ունեք: Պահանջեք  թե պետական հիմնարկներում, թե մասնավոր հիմնարկներում, որ ոչ մի պահում չկատարի գործատուն: Ամեն ինչ կարող ենք, միայն պետք է համախմբվենք՝ սկսելով պայքարել, որովհետեւ շատ տեղերում արդեն պահումներ չեն կատարվում: Ոչ թե անհատապես, այլ ամբողջ կոլեկտիվով միացեք եւ պահանջեք, որպեսզի պահումներ չկատարվեն» ,- շենքերից մեկի բակում՝ավտոտնակի տանիքին կագնած ասաց նախաձեռնության մասնակից Հայկ Ավետիսյանը:

NEWS.am-ի հետ զրույցում Հայկ Ավետիսյանը ասաց, որ իրենց ակցիա նպատակը մարդկանց պայքարի հանելն է, որ մարդիկ չմտածեն, որ այս երկրում որեւէ բան փոխելն անհնար է:

«Հայաստանում մարդիկ խնդիր ունեն համախմբվելու, քանի որ մարդկանց երկար տարիներ սովորեցրել են , որպեսզի միայն իրենց խնդիրները լուծեն ու այլեւս ոչ մի բանի մասին չմտածեն: Մենք հասկանում ենք, որ Հայաստանում մարդիկ, պետք է պայքարի դուրս գան, չհաշտվեն այս վիճակի հետ: Մեր պայքարը կշարունակվի այնքան ժամանակ, մինչեւ իշխանությունները չդադարեն պարտադիր կենսաթոշակների անվան տակ ժողովրդին թալանել»,-նշեց  Հայկ Ավետիսյանը: