«Արցախբանկի» բաժնետեր, շվեցարական «Ֆրանկ Մյուլեր» եւ AWI ժամացույցների ընկերությունների ներկայացուցիչ Հրաչ Կապրիելյանը «Տոնուս» ՍՊԸ-ից խաբված բնակարանատերերի խնդիրը լուծելու համար նրանց առաջարկում է գումար ավելացնել բնակարանների համար լրացուցիչ գումար վճարել (150-200 դոլար քառակուսի մետրի համար), եւ խոստանում է այդ գումարներն անտոկոս հատկացնել «Արցախբանկից»՝ մաս-մաս վերադարձնելու պայմանով։

«Անկե վերջ դուք դրամ կդնեք, մենք էլ դրամ կդնենք, լավ շենք մը կսարքենք, վաճառում ենք եւ շահերը բաժանում ենք»,- այսօր՝ մայիսի 13-ին, իր գրասենյակի առջեւ բողոքի ակցիա անող բնակարանատերերի հետ զրույցում ասաց սփյուռքահայ գործարարը։

Բնակիչները, սակայն, ասացին, որ Կապրիելյանի խոստումներին չեն հավատում։ Նրանք կարծում են՝ իրենց բնակարանները վաճառած, ապա այդ գումարները «Արցախբանկում» գրավադրած «Տոնուս» ՍՊԸ-ն եւ «Արցախբանկը» միմյանց հետ համագործակցելով խաբել են իրենց:

«Ես իրենց առաջարկած տարբերակներին չեմ հավատում, սա հերթական խաբեությունն է: Այս բնակարանը ես գրվել էի որպես իմ տղային նվեր, սակայն իմ տղան 33 տարեկան հասակում չկա, իր երեխաներին ես ամեն օր ասում եմ՝ բալես տունը հեսա կլինի»,-վրդովված ասաց բնակարանատեր Հասմիկ Երիցյանը։

Նշենք, որ այսօր տեղի ունեցած բանակցությունների ընթացքում Հրաչ Կապրիելյանը բնակարանատերերին երեք առաջարկ է ներկայացրել: Առաջինը, որ նրանք վճարեն իրենց բնակարանների յուրաքանչյուր քառակուսի մետրի համար լրացուցիչ 150-200 դոլար, երկրորդը, որ բանկը վերադարձնի նրանց գումարները՝ պահելով 25 տոկոս, եւ երրորդը՝ բանկը պատրատ է խաբված բնակարանատերերին բնակարան հատկացնել Սեւանի փողոցում կառուցված շենքում՝ քառակուսի մետրը 1100 դոլարով։

Հրաչ Կապրիելյանը փորձում էր համոզել բնակիչներին, բայց ապարդյուն. «Ես գրագետ չեմ, 8-րդ դասարանն եմ լմնցուցած, բայց հասկանում եմ, որ 7 տարի տանջվում եք, ամեննդ ալ, մենք ալ այս գործի մեջ 40 տոկոսի պրոբլեմ ունենք, քանի որ մենք էլ ենք տուժած, ես ուզում եմ, որ մենք էլ փող դնենք, դուք էլ փող դնենք, այս գործը լմնցուցենք, գնա»:

Բնակիչները պայմանավորվեցին, որ վաղը կրկին հանդիպեն Կապրիելյանի հետ եւ քննարկեն առաջարկվող պայմանների մանրամասները:

Ավելի վաղ NEWS.am-ը տեղեկացրել էր, որ Դավիթաշենում եւ Արաբկիրում մի խումբ քաղաքացիներ չեն կարողանում մուտք գործել իրենց սեփական բնակարանները: ԲՀԿ-ական նախկին պատգամավոր Աշոտ Տոնոյանին պատկանող «Տոնուս Քոնսթրաքշն» ընկերությունը նորակառույց շենքի բնակարանները վաճառել է քաղաքացիներին, սակայն այնուհետեւ դրանք գրավադրել է «Արցախբանկում»: Շենքի կառուցումից հետո «Արցախբանկը» տիրացել է բնակարաններին, «Տոնուս Քոնսթրաքշնը» սնանկ է ճանաչվել, իսկ քաղաքացիները մնացել են ձեռնունայն: Բնակարանատերերի խոսքով՝ Տոնոյանն այժմ Վրաստանում զբաղվում է բիզնեսով։ Նրանք չեն հավատում, որ «Արցախբանկը» տեղյակ չի եղել Տոնոյանի խարդախություններին։