Ինչպե՞ս եք պատկերացնում փախստականների վերադարձը Լեռնային Ղարաբաղ: Այդ մասին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ Ջեյմս Ուորլիքին են հարցրել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Քաշաթաղի շրջանի բնակիչները, որոնք հավաքվել էին Բերձոր վարչական կենտրոնի մուտքի մոտ:

«Սաֆարովը նույնպես Լեռնային Ղարաբաղի այսպես կոչված փախստական էր: Ինչպե՞ս եք պատկերացնում նրանց վերադարձը: Ագրեսիան շարունակվում է, Սաֆարովի դեպքը վկայում է այդ մասին»,-հարցրել է Քաշաթաղի բնակչուհիներից մեկը:

Ջեյմս Ուորլիքը դարձյալ հիշեցրել է իր հայտարարության մասին՝ ընդգծելով, որ «խաղաղ կարգավորման համար անհրաժեշտ են բոլոր վեց տարրերը»:

Բնակիչները նաեւ հարցրել են փոփոխությունների մասին ըստ Մինսկի խմբի՝ կապված խաղաղ գործընթացի հետ: Իր հերթին Ուորլիքն ընդգծել է, որ մայիսի 12-ին համանախագահները հանդես են եկել հայտարարությամբ, որտեղ դարձյալ նշել են, որ հանդես են գալիս «ընդհանուրի օրակարգի դիրքերից»: Մենք կշարունակենք միասին աշխատել այս հարցի շուրջ որպես համանախագահներ»,- նշել է Ուորլիքը:

Բնակիչները հիշեցրել են համանախագահին, որ համաձայն միջազգային իրավունքի՝ յուրաքանչյուր ժողովուրդը ինքնապաշտպանության իարվունք ունի: «Մենք նույնպես օգտվել ենք այդ իրավունքից՝ Ադրբեջանի ագրեսիայից պաշտպանվելու համար»,- նշել են բնակիչները:

Հիշեցնենք, որ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Քաշաթաղի շրջանի վարչական կենտրոն Բերձորի մուտքի մոտ բնակիչները փակել են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ Ջեյմս Ուորլիքի(ԱՄՆ), Իգոր Պոպովի(Ռուսաստան), Ժակ Ֆորի(Ֆրանսիա) ճանապարհը, ովքեր հերթական տարածաշրջանային այցն են կատարում: Համանախագահները ստիպված են եղել իջնել մեքենաներից եւ լսել նրանց պահանջները: