Թող ամեն մեկը այնպես ընտանիք պահի, ինչպես Գագիկ Խաչատրյանը: Այդ մասին այսօր՝ մայիսի 21-ին, ԱԺ-ում կառավարության ծրագրի քննարկման ժամանակ հայտարարեց ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը: Ըստ նրա՝ անհեթեթ է հավատալ թե այս անգամ պաշտոնյաները մի կողմ կդնեն բիզնեսը: Սրանից հետո նա արձագանքեց վարչապետ Հովիկ Արահամյանին, որը, արձագանքելով իր նախորդ ելույթին («Ինչպե՞ս է, որ հող մշակելով դարձաք միլիոնատեր»), պատասխանել էր. «Բիզնեսին լավ վերաբերվեք: Դուք ինքներդ բիզնես չեք կարող անել: Հող էլ ձեզ տան` չեք կարող մշակել»:
«Բա ես ո ՞նց ընտանիք պահեի, երեք տարի ընդհատակում ու բանտում էի: Ընտանիքս էր ինձ պահում: Այ Գագիկ Խաչատրյանը` ուրիշ բան: «Յուքոմի» մասին ես հարցնում, ասում ա` հորոխպորս տղունն ա, «Մեգաֆուդը»` էն մյուս տղունն ա: Այ` ընտանիք ա պահում», - ասաց Փաշինյանը:
Այդ պահին դահլիճից գոռոցներ լսվեցին: Բղավողը Գագիկ Խաչատրյանը չէր (որը դահլիճում ներկա էր), այլ ՀՀԿ-ական պատգամավոր Առաքել Մովսիսյանը (Շմայս):
Մովսիսյանի սաստումներին (նրա բարձրախոսը միացված չէր) Փաշինյանը պատասխանեց. «Ստեղ բազառ չի, արա»:











