Տավուշի մարզի Վազաշեն-Պառավաքար վտանգավոր հատվածում կառուցվող շրջանցիկ ավտոճանապարհի հողային պաստառի կառուցման աշխատանքները մոտենում են ավարտին: Եվս 20 մետր եւ ճանապարհի երկու հատվածները կմիանան իրար:

ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարարության լրատվական ծառայությունից հայտնում են, թե այլընտրանքային շրջանցիկ ճանապարհի կառուցման աշխատանքներն ընթանում են Հայաստանի Հանրապետության տրանսպորտի  եւ կապի նախարար Գագիկ Բեգլարյանի անմիջական հսկողության եւ ուշադրության ներքո: Շինարարության ընթացքին, կատարված աշխատանքների որակը գնահատելու նպատակով Տրանսպորտի եւ  կապի նախարարության համապատասխան ստորաբաժանումների ղեկավարները կառուցվող նոր ճանապարհահատվածում էին:

Կիրառված նախագծային լուծումներն ապահովում են ճանապարհահատվածի անվտանգությունը: Այդ նպատակով ճանապարհամերձ որոշակի հատվածներում կառուցվել են արգելապատնեշներ:

Շինարարական աշխատանքներն իրականացնող Իջեւանի ճանշինի ավագ աշխղեկը ճանապարհի կառուցման ընթացքից  գոհ է, սակայն նշում է, որ կան նաեւ դժվարություններ. դրանք հիմնականում կապված են պայթեցման աշխատանքների հետ:

Այլընտրանքային ճանապարհահատվածը կունենա  3.2 կմ  երկարություն եւ 6-7 մետր լայնություն: Այն Վազաշեն-Պառավաքար հատվածում ճանապարհի երկարությունը կկրճատի մոտ երկու կիլոմետրով: