Հայաստանի նորանշանակ վարչապետ Հովիկ Աբրահամյանը գնահատում է ԱԺ պատգամավոր, գործարար Սամվել Ալեքսանյանի անկեղծ հայտարարությունը, որ վերջին արել էր գործարարների հետ վարչապետի հանդիպմանը: Այս մասին այսօր՝ մայիսի 24-ին ՀՀԿ համագումարից առաջ լրագրողների հետ զրույցում ասել է վարչապետ Հովիկ Աբրահամյանը:
Հիշեցնենք, թե հանդիպմանը Սամվել Ալեքսանյանն ասել էր, որ եթե բոլորն աշխատեն հարկային դաշտում, ինքն էլ կմտնի հարկային դաշտ։
Անդրադառնալով գործարարների հետ օրեր առաջ կայացած հանդիպմանը՝ վարչապետն ասել է. «Սամվել Ալեքսանյանը խոստացել է աշխատել հարկային դաշտում, եթե բոլորն աշխատեն: Թե մինչ այս ինչ է արել, ինձ չի հետաքրքրում: Կարեւոր է ինձ համար, թե այժմ ինչպես կաշխատեն գործարարները: Ֆինանսների նախարարությունն էլ այժմ հանդիպումներ է ունենում բոլոր գործարարների հետ եւ փորձում պարզել, թե ով ինչպես է աշխատում: Ես այդ քայլը շատ եմ գնահատում»:
Հովիկ Աբրահամյանը նաեւ հերքել է տարածված տեղեկությունները, թե իբր գործարարների հետ հանդիպմանն ասել է, որ «թող գոնե գործարարների 90 տոկոսը աշխատի հարկային դաշտում»: «Դա չի համապատասխանում իրականությանը: Ես նման բան չեմ ասել»,- ասել է վարչապետը:











