Հանրապետական կուսակցությունը բազմաթիվ խնդիրներ ունի՝ իրագործել մարդկանց ցանկությունները, վերականգնել մարդկանց հավատը: Այս մասին ՀՀԿ 15-րդ համագումարի մեկնարկից առաջ՝ այսօր՝ մայիսի 24-ին, լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը՝ անդրադառնալով կառավարության ծրագրին եւ ծրագրված 5 տոկոս տնտեսական աճին:
«Հասարակությունը ոչ այդ 5 տոկոսին է հավատում, ոչ մեզ է հավատում, ոչ ընդդիմությանը, ոչ իր բարեկամին, իր հարազատին: Դա ամենամեծ ցավն է, եւ ես կարծում եմ, որ ոչ թե անընդհատ պետք է շեշտենք 5 տոկոսը, այլ պիտի միջավայր ստեղծենք, որպեսզի մարդիկ կարողանան ավելի հանգիստ եւ բարեհաճ ձեւով ապրել»,- ասաց Գալուստ Սահակյանը:
Լրագրողների այն դիտարկմանը, որ ՀՀ կառավարության ծրագրի տնտեսական 5 տոկոս աճին չեն հավատում նաեւ միջազգային ֆինանսական կառույցները, Գալուստ Սահակյանը նշեց. «Նա էլ է կանխատեսում, սա էլ է կանխատեսում: Համենայնդեպս, մեր նշաձողը դա է, պետք է փորձենք իրագործել: Եթե չի իրագործվում, ուրեմն դա թերություն է, որ չկարողացանք կատարել մեր ծրագիրը»։
Հարցին, թե արդյոք իշխանությունը մեղավոր չէ այն բանի համար, որ ժողովրդի մեջ հավատը կորել է, Գալուստ Սահակյանը պատասխանեց.
«Ես չեմ կարծում, որ մեր ազգային ծրագրերում պետք է մեղավորներ փնտրենք, եթե որեւէ խնդիր կա, ապա դա ամբողջ հասարակությունն է, կարծում եմ, պատասխանատու»։
Դիտարկմանը, թե արդյոք Հանրապետական կուսակցության խնդիրներից չէ այն, որ Կառավարության ներկայացրած ծրագրի քվերակությանը ներկայացած պատգամավորներից մի քանիսն ալկոհոլի ազդեցության տակ են եղել, ԱԺ նախագահը նկատեց. «Ես կարծում եմ, ոչինչ որ չլինի, մի բան պիտի գտնել, ասել»։
Լուսանկարը՝ Արսեն Սարգսյանի/NEWS.am











