Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի Գյումրու մասնաճյուղում ուսխորհրդի նախագահի ընտրության բոյկոտից 10 օր անց՝ մայիսի 26-ին, վերջապես կայացան ուսխորհրդի նախագահի ընտրությունները, որի արդյունքներով  նախագահ ընտրվեց ուսխորհրդի գործող նախագահի տեղակալ, անկուսակցական Հայկարամ Դրմեյանը:

NEWS.am-ի հետ զրույցում Հայկարամ Դրմեյանն ասաց, որ մտադիր չէ որեւէ կուսակցության անդամագրվել եւ քաղաքականությունից հեռու է պահելու ուսխորհուրդը։ Ի դեպ, Հայկարամը ուսխորհրդի նախագահի միակ թեկնածուն էր։ Բուհի ղեկավարությունը, մեծ աղմուկ բարձրացրած բոյկոտից հետո որոշել էր ընդհանրապես չառաջադրել իր թեկնածուին։

«Մեկ թեկնածու է առաջադրվել, սակայն մենք գոհ ենք, քանի որ ուսանողների առաջադրած  թեկնածուն է, այլ ոչ թե տնօրինության նշանակած»,- NEWS.am-ի հետ զրույցում ասաց ուսխորհրդի գործող նախագահ, անկուսակցական Սոնա Խաչատրյանը՝ նշելով, որ փոխվելու է ուսխորհրդի ամբողջ կազմն ու 1999թ. ընդունված կանոնակարգը:

Ուսանողները վստահեցրին, որ համալսարանում կան տարբեր կուսակցությունների ներկայացուցիչ ուսանողներ, սակայն նրանցից ոչ մեկն այլեւս չի խոչընդոտում խորհրդի գործունեությունը:

Հիշեցնենք, որ 10 օր առաջ համալսարանի ուսանողների ջանքերով տապալվեցին ուսխորհրդի ընտրությունները, որի ժամանակ, ըստ ուսանողնեի, բուհի ղեկավարությունը փորձում էր անցկացնել ՀՀԿ-ական թեկնածուի եւ կուսակցականացնել ուսխորհուրդը։