Մայիսին «Հայազն» կուսակցությունը ստորագրահավաքին մասնակցել է մոտ 3000 մարդ, որոնք դեմ են արտահայտվել եւ Մաքսային Միությանը, եւ Եվրամիությանը Հայաստանի միանալուն։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց «Հայազն» կուսակցության վարչության անդամ Արմեն Աղայանը:

«Տոկոսային առումով մենք ստացանք մի քիչ անսպասելի պատկեր։ Մեզ թվում էր, թե ժողովուրդը քարոզչության ազդեցության տակ համաձայն է Մաքսային միության հետ անդամակցելուն, սակայն մեր պարզվեց, որ մեզ մոտեցած մարդկանց 65 տոկոսը համաձայն է, որ Հայաստանը լինի ինքնիշխան պետություն: Մեզ համար շատ կարևոր էր , թե մերժողներն ինչ փաստարկներ էին բերում, երբ չէին ցանկանում ստորագրել, և որ հակափաստարկներից հետո համաձայնում էին միանալ մեր նախաձեռնությանը: Որոշ քաղաքացիներ Հայաստանի քաղաքական վերնախավի այս տարիների քաղաքականության արդյունքն էին շատ վատ գնահատում, և դրանից եզրակացնում էին, որ մենք ինքներս չենք կարող մեր երկիրը կառավարել և որևէ վերպետական կառույցի տանիքի տակ մտնելը կլուծի մեր խնդիրները»,-ասաց Արմեն Աղայանը:

Բացօդյա ասուլիս հրավիրած՝ կուսակցության անդամները նշեցին, որ իրենց խնդիրն քաղաքական օրակարգ փոխելն է, որ մարդիկ դադարեն մտածեն այն մասին, թե որ վերպետական կառույցի հովանավորության տակ պետք է տեղավորվի Հայաստանը, այլ սկսեն մտածել ինքնիշխանության  ներքին և արտաքին բաղադրիչների մասին:

Նշենք, որ այս պահին  կուսակցությունը ստորագրահավաքը կասեցրել է և այն կվերսկվի սեպտեմբերին: