Պարտադիր կուտակային կենսաթոշակների դեմ բողոքի ակցիային մասնակցելուց հետո փետրվարի 14-ին աշխատանքից հեռացված՝ «Մետրոպոլիտենի» երեք աշխատակիցները հերքում են ղեկավարության պնդումները, թե մինչեւ այդ իրենք բանավոր նկատողություն են ստացել աշխատանքում թերանալու համար։ Քանաքեռ եւ Զեյթուն ընդհանուր իրավասության դատարանում այսօր՝ մայիսի 31-ին նախնական դատական նիստից հետո NEWS.am-ի հետ զրույցում այս մասին ասացին աշխատանքից ազատված աշխատակիցները։

«Երկուսին մեքենախցիկ օտար մարդ ներս թողնելու համար են աշխատանքից ազատել, իսկ մեկին՝ իր աշխատանքային պարտականությունները ոչ պատշաճ կատարելու պատրվակով, բայց իրենց ազատման պատճառը ընդհանրապես կապ չունի իրենց ներկայացրած փաստերի հետ»,-ասաց Գագիկ Գալստյանը՝ նշելով, որ իրենց ազատելու որոշումը կայացրել են «ԴԵՄ ԵՄ» նախաձեռնության փետրվարի 12-ին կազմակերպած ակցիայից հետո։

«Մետրոպոլիտենի» 3 ազատված աշխատակիցներն այժմ գործազուրկ են։ Նրանք հույս ունեն, որ դատը շահելու են եւ նորից անցնելու են իրենց սիրած աշխատանքին։

«Մենք այս աշխատանքի համար երկար տարիներ պայքարել ենք, զրոյից ենք սկսել, սկզբում փականագործ ենք աշխատել, եւ պայքարելու ենք, որ նորից աշխատանքի անցնենք»,-ասաց մեքենավար Անդրանիկ Գեւորգյանը։

Դատավորը «Մետրոպոլիտենի» ներկայացուցիչ Սամվել Մնացականյանից հետաքրքրվեց՝ ինչպես է պատահել, որ հայցվորները 15 տարի աշխատելու ընթացքում թերացումներ չեն ունեցել, եւ հանկարծ միանգամից սկսել են վատ աշխատել։

«Հունվարի կեսերից սկսած՝ իրենք սկսել են թերացումներ անել, եւ բանավոր կերպով այդ երեք աշխատակիցները զգուշացվել են»,- պատասխանեց Մնացականյանը՝ նշելով, որ նրանք այդ թերացումներով վտանգել են ուղեւորների կյանքը։

Դատավոր Սիմիզար Հովսեփյանը՝ հետաքրքրվեց, թե այդքան լուրջ սխալ թույլ տալու դեպքում ինչու գրավոր նկատողություն չեն տվել։

Մնացականյանը կմկմալով ասաց. «Չեն ուզեցել գրավոր նկատողություն տալ»։

«Մետրոպոլիտենի» ներկայացուցիչները պնդում էին, որ շարժասանդուղքի մեքենասրահում եղել են օտար մարդիկ, սակայն դատավորը նկատեց, որ դա որեւէ տեղ արձանագրված չէ։

«Նույն ձեւով էլ հայցվոր կողմը կարող է ասել, որ օտար մարդիկ չեն եղել»,- ասաց դատավորը։

Դատավոր Հովսեփյանին այդպես էլ չհամոզեցին «Մետրոպոլիտենի» ներկայացուցիչների բերած փաստարկները, որոնց հիման վրա ազատել էին աշխատակիցներին, եւ նա նշանակեց եւս մեկ նախնական նիստ, որը տեղի կունենա հունիսի 23-ին։

Նշենք, որ դահլիճում ներկա էին նաեւ «ԴԵՄ ԵՄ» նախաձեռնության անդամները եւ «Մետրոպոլիտենի» այլ աշխատակիցներ, որոնք գնացել էին սատարելու իրենց գործընկերներին։