«ԴԵՄ ԵՄ» քաղաքացիական նախաձեռնության անդամներն այսօր՝ մայիսի 31-ին, պարտադիր կուտակային կենսաթոշակների համար պահումներ կատարելուց հրաժարվելու դիմումի օրինականեր բաժանեցին քաղաքացիներին եւ իրազեկեցին կուտակային կենսաթոշակի պարտադիր բաղադրիչից հրաժարվելու մասին։
«Ակցիայի նպատակն է մարդկանց իրազեկել, որ կա արդեն օրենք, որ կարող ես չմասնակցել կենսաթոշակային ֆոնդին եւ ՍԴ որոշմամբ քաղաքացիները պետք է դիմում գրեն, հրաժարվեն մասնակցելուց մինչեւ նոր օրենքի ընդունումը։Այսօր մենք քաղաքացիներին տրամադրելու ենք դիմումի եւ ստացականի ձեւեր»,-NEWS.am-ի հետ զրույցում ասաց «ԴԵՄ ԵՄ» նախաձեռնության անդամ Լեւոն Զաքարյանը։
Ակցիային մասնակցելու եւ երիտասարդներին աջակցելու էին եկել նաեւ մի քանի տարեցներ։
«Պարտավոր ենք օգնել երիտասարդներին, մենք ուրախանում ենք, որ երիտասարդները նման լավ բաներ են անում։ Ես ուզում եմ, որ այդ պարտադիր բառը վերանա։ Լսեցի ԱԺ պատգամավոր Հակոբ Հակոբյանին, հասկացա, որ ինքը սխալ բան է ասում։ Այդ երիտասարդների տատիկ պապիկները բանկերում գումար են ունեցել ու կորցրել են, չի ամաչում Հակոբ Հակոբյանը, որ ասում է՝ նորից վստահեն։ Ասել եմ, որ տեսնեմ, մի հատ ռագատկայով խփելու եմ աչքը հանեմ»,-ասաց 81-ամյա Վարդգես Սարգսյանը։
Չնայած եղանակային վատ պայմաններին նախաձեռնության անդամները շրջեցին մայրաքաղաքի կենտրոնում, բարձրախոսով իրազեկեցին եւ կուտակային կենսաթոշակին մասնակցելուց հրաժարվելու մասին դիմումներ բաժանեցին քաղաքացիներին։
«Ես համոզված եմ, որ որոշ գործատուներ չեն տեղեկացնում իրենց աշխատողներին, չեմ կարծում, թե դա իրենց որոշումն է, ուղղակի վերեւից ճնշում կան»,- ասաց «ԴԵՄ ԵՄ» նախաձեռնության անդամ Լեւոն Հարությունյանը։
Անդրադառնալով Հովիկ Աբրահամյանի «Համակարգը լինելու է պարտադիր, բայց ոչ պարտադրված» արտահայտությանը՝ նախաձեռնության անդամը նշեց,որ վարչապետը ի նկատի է ունեցել ինչ-որ զիջումների գնալու պատրաստակամությունը. «Ես չեմ հասկանում այդ բառակապակցության իմաստը, բայց ենթադրում եմ, որ ինչ-որ տոկոսներ իջեցնելու մասին է խոսքը, բայց ի սկզբանե մեր պայքարը եղել է պարտադիր վերացման,այլ ոչ թե տոկոսներ իջեցնելու համար»։
Նշենք, որ Սերժ Սարգսյանը մայիսի 26-ին ստորագրել է Ազգային ժողովի ընդունած «Կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին ՀՀ օրենքը: Հիշեցնենք` մայիսի 15-ին խորհրդարանը երկրորդ եւ վերջնական ընթերցմամբ հավանություն էր տվել «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքի լրամշակումներին, որոնք կուտակային կենսաթոշակային մասհանումները կամավոր են դարձնում` մինչեւ կենսաթոշակային բարեփոխման վերջնական ճակատագիրը որոշող նոր կառավարական օրինագիծը կներկայացվի:











