Կառավարությանն առընթեր ճարտարապետության հարցերով պետական կոմիտեն ստեղծվելուց 11 ամիս անց լուծարելու եւ կոմիտեի գործառույթները քաղաքաշինության նախարարությանը փոխանցելու կառավարության հունիսի 4-ի որոշումը Նարեկ Սարգսյանի՝ քաղաքաշինության նախարար նշանակվելով պայմանավորված չէ։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց քաղաքաշինության նախարար Նարեկ Սարգսյանը։
Քաղաքաշինության նախարարը չհամաձայնեց լրագրողի այն դիտարկմանը, որ ժամանակին կոմիտեն ստեղծվել էր հենց Նարեկ Սարգսյանին ղեկավար նշանակելու համար։
«Կառույցը չի ստեղծվում, որպեսզի ինչ-որ մեկը լինի ղեկավար։ Կառույցը ստեղծում են՝ ելնելով անհրաժեշտությունից։ Դուք փորձում եք ոլորտում կատարվող ամեն ինչ վերագրել անձանց»,- ասաց նախարարը։
Նրա խոսքով՝ կոմիտեն ստեղծվել է բազմաթիվ ճարտարապետների խնդրանքով, քանի որ այն ժամանակ ճարտարապետության ոլորտի խնդիրներն ավելի խորապես կառավարելու եւ քննարկելու հարց էր դրված։
Լրագրողների հարցին, թե եթե դա Նարեկ Սարգսյանի համար ստեղծված երկրորդ սուպերնախարարությունը չէր, ապա ինչու պարզապես մեկ այլ անձ չնշանակվեց կոմիտեի ղեկավարի պաշտոնում, նախարարը պատասխանեց. «Նման ոլորտներ, ինչիպիսին ճարտարապետությունն է, ղեկավարելը դյուրին բան չէ։ Դու պետք է լինես եւ նախագծող, եւ գիտական ոլորտին, եւ կառավարման ոլորտին ծանոթ։ Տասնյակ տարիներ ի վեր առաջին անգամ է, որ քաղաքաշինության նախարարը ճարտարապետ է։ Ինչ էլ գրեն մամուլում, իմ հանդիպումները գործընկերների հետ ցույց են տալիս, որ մարդիկ շատ լուրջ սպասումներ ունեն»։
Հիշեցնենք, որ Կառավարությանն առընթեր ճարտարապետության հարցերով պետական կոմիտեն ստեղծվել էր նախագահի հրամանագրով 2013թ. հուլիսի 22-ին։











