Կոտայքի մարզի Գեղաշեն համայնքում, որտեղ խոշոր եղջերավոր կենդանիների մոտ տարածված բրուցելյոզ հիվանդության պատճառով կարանտին է հայտարարված, շատ բնակիչներ չեն հավատում վարակի առկայությանը:

«Միգուցե և կա, միգուցե և չկա: Գյուղացու ձեռին ինչ ճար կա՝ իմանա՝ կա, թե չկա: Ոնց ասեն, տենց գնում ա: Կառավարությանն ի՞նչ կա. կուզեն՝ հիվանդ կհանեն, կուզեն առողջ»,-NEWS.am-ի հետ զրույցում ասաց գուղացիներից մեկը։

Գյուղացիների մի մասը հիվանդ անասուններ ունենալու դեպքում թույլ չի տալիս բոլորին սպանդի ենթարկել, քանի որ, իրենց խոսքով, այդ կենդանիներից ստացած եկամուտով են օրվա ապրուստը վաստակում:

Գյուղացիները անասունները գնելու համար վարկեր են վերցվել, իսկ հիմա շատերն անելանելի վիճակում են, քանի որ կան մարդիկ, որոնց բոլոր անասունները հիվանդ են և ստիպված են բոլորին սպանդի ենթարկել: Գյուղացիերից մեկը NEWS.am-ի հետ զրույցում նշեց, որ իր 6 անասունից 4-ին արդեն սպանդի է ենթարկել. մյուս երկուսը նույնպես հիվանդ են, բայց չի պատրաստվում մորթել:

«Էրեխեք ունեմ: Դրանցով ենք ապրում: Ո՞նց մորթեմ: Կպահեմ, աշունը կմորթեմ»,- ասաց նա:  

Գյուղացիներից Մերուժան Առաքելյաը ն NEWS.am-ին ասաց, որ իրենց ունեցած միակ կովը 10 օր առաջ են մորթել՝ հիվանդ լինելու պատճառով:

«7 նաֆար ենք, էդ անասունով էինք ապրում: Հիմա ստեղ ոչ աշխատանք կա, ոչ էլ, որ ապրենք»։

Գյուղացիներից մեկն էլ, թեև հիվանդ անասուն չուներ, բայց ասաց, որ չի հավատում, թե գյուղի անասունները բրուցելյոզով հիվանդ են:

«Բրուցելյոզով հիվանդները էդ որ ուղարկել են, իրանք են, մեր անասունները չեն: Էդ կովի տաք կաթը, որ կթում ենք, խմում ենք: Ինչ որ խաղ են խաղում, թող խաղան իրանց գլխին: Ամբողջ գյուղը օրական 20 տոննա կաթ ա հանձնում պետությանը, եթե հիվանդ կա, թող չթողեն»,-ասաց  նա:

Գեղաշենում կարանտինային աշխատանքները կազմակերպելու և համակարգելու նպատակով ձևավորվել է համապատասխան հանձնաժողով: Հանձնաժողովի նախագահ Ալբերտ Ղազարյանը NEWS.am-ի հետ զրույցում ասաց, որ համապատասխան խմբերը ստուգում են անանսուններին, ապա սանիտարական սպանդի են ենթարկում բրուցելյոզով հիվանդներին։ Նրա խոսքով, այս օրերին վերահսկողության տակ է պահվում գյուղից դուրս եկող կաթն ու միսը:

Նշենք, որ բրուցելյոզով վարակված միսն ու կաթը եռացնելիս՝ դրանցում առկա մանրէներն անմիջապես վերանում են: