Երեւանում երթևեկության կանոնները խախտելու համար տուգանված վարորդները բողոքում են, որ իրենք տուգանվում են ոչ միայն իրենց կատարած խախտումների պատճառով։

«Լուսացույցի վրա չկա նշան, թե կանաչը որ ուղղությամբ կարող է գնալ, ես տեղից պոկվում եմ,  ինձ 10 հազար դրամ տուգանք է գալիս իրենց սխալի համար: Ես բողոքարկում եմ, չեղյալ են համարում տուգանքը: Շատ մարդիկ են իմ պես տուգանվում: Բայց մարդիկ չգիտեն օրենքը, որ եթե լուսացույցի վրա չկա սլաք, վարորդը կանաչի տակ կարող է շարժվել ցանկացած ուղղությամբ»,- NEWS.am-ին ասաց մի վարորդ, որը չցանկացավ ներկայանալ:

Վարորդները դժգոհում են նաեւ նրանից, որ տուգանքները ժամանակին չվճարելու դեպքում բազմապատկվում են։

 «Անարդարացի է տուգանքների չափը, դրանց բամապատկումները: Ղումարի օրենքներով տուգանքի չափ են բարձրացնում, դա ծայրահեղ անարդարություն է: Ամիսը մի խախտում, ոնց էլ լինի, գրանցվում է: Ես չեմ ուզում համակերպվել նման անարդարությունների հետ»,- NEWS.am-ի հետ զրույցում ասաց վարորդ Լեւոն Արշալուսյանը:

Վարորդ Արսեն Պետրոսյանն էլ բողոքեց, որ հաճախ վարորդներին շփոթեցնում են հենց ճանապարհային ոստիկանության աշխատակիցները:

«Ոստիկանները բարձրախոսով ասել են՝ ճանապարհ բացի, դրանցից վարորդը շփոթվել է ու հոծ գիծ է տրորել, 30 հազար դրամ տուգանվել է»,- նշեց վարորդը: