Լենինգրադյան փողոցից Իսակովի պողոտա անընդհատ երթեւեկելի ավտոմայրուղին, որի պաշտոնական բացումը տեղի ունեցավ այսօր՝ հունիսի 14-ին, վարորդներին հնարավորություն կտա Լենինգրադյան փողոցից Իսակովի պողոտա երթեւեկել՝ շրջանցելով Ծիծեռնակաբերդի խճուղին, ինչը ճանապարհը կրճատում է միջինը 15-20 րոպեով (ֆոտոռեպորտաժ

«Ճանապարհն ունի 5,5 կմ երկարություն, կառուցվել է ժամանակակից բոլոր տեխնոլոգիաներով, որակյալ է: Մոտ երկու տասնյակ ծառ է հատվել, որի փոխարեն մեծ մակերեսով նոր` 25 հազար քմ նոր տարածք է կանաչապատվել, տնկվել է 2.5 հազար ծառ»,- մայրուղու բացմանը լրագրողներին ասաց ավտոմայրուղին նախագծած «Երեւաննախագիծ» ՓԲԸ տնօրեն Սիրեկան Օհանյանը՝ նշելով, որ ավտոմայրուղու կառուցման համար 6.1 միլիարդ գումար է ծախսվել:

Սիրեկան Օհանյանի խոսքով՝ ընկերությունը նախատեսում է նաև մեկ այլ ճանապարհի կառուցում, որն Իսակովի պողոտան կկապի Արշակունյաց պողոտայի հետ, որը կունենա 3.5 կմ երկարություն:

Ավտոմայրուղու բացման արարողությանը ներկա էր ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը:

Լրագրողների հետ զրույցում քաղաքապետը նշեց, որ ճանապարհի կառուցումը նախատեսված էր դեռ 70-ական թթ.:

«Ճանապարհի կառուցման միջոցով բեռնաթափվել է Կենտրոն վարչական շրջանը, և 3 վարչական շրջանները կապվել են միմյանց: Այստեղ նորովի մոտեցում է ճանապարին, քանի որ 12 կմ ոռոգման ցանց է անցկացվել, եվրոպական չափանիշներին համապատասխան նոր լուսավորություն է անցկացվել, 5 հա կանաչ տարածք է մշակվում»,- լրագրողներին ասաց քաղաքապետը:

Երեւանի ՃՈ պետ Արսան Արշակյանը տեղեկացրեց, որ նորաբաց ավտոմայրուղում առավելագույն արագությունը 70 կմ/ժ է սահմանված:

Լուսանկարը՝  Արսեն  Սարգսյանի/NEWS.am