Ազգային ժողովում այսօր՝ հունիսի 18-ին, Քառյակը տապալեց Կուտակային կենսաթոշակի մասին Կառավարության ներկայացրած օրենքի նոր նախագծի քվեարկությունը, ինչը ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Լեւոն Զուրաբյանը համարում է պատմական պահ։
«Կարեւոր պատմական պահ էր. փաստորեն առաջին անգամ ստացվեց տապալել քվեարկությունները, որովհետեւ նման բան չէր եղել, որ մեծամասնությունը չկարողանա իր ուզած օրենքի նախագիծը անցկացնել։ Այսօր այս երկարատեւ համագործակցության ընթացքից հետո մենք հասանք այս պահին։ Սա իրականում ցույց է տալիս, որ մենք կարող ենք շատ լրջորեն պայքարել։ Փաստը մնում է փաստ, որ իրենք մնացել են մեծամասնության շեմի վրա, այսինքն ցանկացած պահի իրենց քվեարկությունը ապահովագրված չի։ Հիմա մենք պետք է այս պահը օգտագործենք, ձեզանից էլ սպասում ենք ակտիվություն դրսում, միասնական ջանքերով պիտի փորձենք սրա դեմը առնել»,- քվարկությունից հետո դրսում հավաքված ակտիվիստներին ասաց ՀԱԿ խմբակցության պատգամավոր Լեւոն Զուրաբյանը, որն Արծվիկ Մինասյանի, Ռուբեն Հակոբյանի եւ Միքայել Մելքումյանի հետ դուրս էր եկել ԱԺ շենքի մուտքի մոտ բողոքի ակցիա անցկացնող «ԴԵՄ ԵՄ» նախաձեռնության անդամների հետ հանդիպման։
ՀՅԴ պատգամավոր Արծվիկ Մինասյանը նշեց, որ Կառավարությունը ներկայացրել էր Կուտակային կենսաթոշակների մասին 250 էջանոց փաթեթ, որով ոչ միայն կուտակային կենսաթոշակների մասին մայր օրենքն են փոխում ամբողջությամբ, այլեւ բազմաթիվ հարակից օրենքների նախագծեր են ներկայացնում, սակայն նախապես ոչ մի պատգամավոր դրանց բովանդակությանը ծանոթ չէր։
«Սա նշանակում է, որ բացարձակապես տեղեկատվություն չկա, թե նոր օրենքն ինչ է իրենից ներկայացնում։ Երկրորդ, մենք՝ Քառյակը, արձանագրեցինք, որ այն ինչ դրված է քվեարկության, հակասում է ՀՀ օրենսդրությանը, մասնավորապես, իրավական ակտերի մասին 27.1 հոդվածին, համաձայն որի՝ նորմատիվ իրավական ակտերի նախագծերը պարտադիր հանրային քննարկման են դնում եւ նվազագույնը 15 օր առաջ, կաաավարությունում էլ նման ընթացակարգ կա, որ պետք է դրվի հանրային քննարկման։ Մենք արձանագրեցինք՝ դա խախտված է, եւ նման ձեւով չի կարելի այս հարցը քվերակել։ Քառյակը փորձեց նաեւ տապալել քննարկումների ընթացքը, մեզ հաջողվեց, փաստորեն, երկու քվեարկություն ձախողել, ինչը պարտադրեց մեծամանությանը, որ իրենք էլ այսօր հարցը չդնեն քվեարկության, փորձեն անցնել այլ հարցերի քննարկմանը»,-ասաց Արծվիկ Մինասյանը։
Պատգամավորը նշեց, որ իրենք թույլ չեն տալու հարցն առանց քննակման դնել քվեարկության. «Վստահ եմ, որ մենք բոլորս այս հարցում միասնական ենք եւ փորձելու ենք թույլ չտալ հարցի քվերակությունն ու քննարկումը առնվազն այնքան ժամանակ, քանի դեռ չի հրապարակվել, եւ հանրությունը չի ծանոթացել, իր տեսակետները չի ներկայացրել, քանի դեռ քաղաքական պահանջները չեն իրականացվել այդ փաստաթղթում, ու այդ փաստաթուղթը չի համապատասխանեցվել բարձր դատարանի որոշման պահանջներին»։
Արծվիկ Մինասյանը նշեց, որ եթե իրենց չհաջողվի կասեցնել օրենքի ընդունումը, իրենք «ԴԵՄ ԵՄ» քաղաքացիական նախաձեռնության հետ մշակված օրենքի նոր նախագիծ կներկայացնեն։
Զուրաբյանը տեղեկացրեց, որ այսօր ԱԺ-ում կենսաթոշակի հարցով քվերակություն չի լինի. «Էսօր էլ քվեարկությոն չեն անի, լավ խրատվել են, ես չգիտեմ՝ վաղը կդնեն քվեարկության, թե չէ, համենայդեպս, հիմա իրենք զբաղված են իրենց պատգամավորներին հավաքելով»։
«ԴԵՄ ԵՄ» նախաձեռնության անդամներն են նշեցին, որ վաղն էլ են հավաքվելու ԱԺ-ի մոտ բողոքի ակցիա անցկացնելու, եթե օրենքը քվեարկությամբ ընդունվի Աժ-ում։
Հիշեցնենք, որ կառավարության առաջարկով՝ այսօր ժամը 12:00-ին գումարվել է ԱԺ արտահերթ նիստ: Նիստի օրակարգում մի շարք աղմկահարույց օրենսդրական նախաձեռնություններ էին, մասնավորապես, «Կուտակային կենսաթոշակների մասին» և ևս մի շարք օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու՝ Կառավարության ներկայացրած օրենքների նախագծերի փաթեթը, որի ընդունումը թելադրված է ՀՀ սահմանադրական դատարանի որոշման իրականացման անհրաժեշտությամբ: Փաթեթը վերաբերում է կուտակային կենսաթոշակի համակարգն ուժի մեջ մտնելուց հետո տնօրինվող եկամտի նվազեցում թույլ չտալուն։ Փաթեթը նախատեսում է 2014թ. հուլիսի 1-ից համակարգը գործարկել պետական հատվածի աշխատողների համար, իսկ մասնավոր հատվածի համար՝ երեք տարի ժամկետում ներդնել կամավոր համակարգ՝ փուլային եղանակով: 2014թ. հունվարի 1-ին ուժի մեջ մտած օրենսդրությամբ սահմանված պարտադիր վճարը այլևս չի կատարվելու, օրենքով սահմանվում է պետբյուջե կատարվող նպատակային սոցիալական վճար՝ 5 տոկոս դրույքաչափով: Առաջարկվում է սահմանել 500 հազար դրամ աշխատավարձի շեմ, որից ավելիի դեպքում սոցվճար չի կատարվելու, այսինքն՝ առավելագույն սոցվճարը բոլորի համար լինելու է 25 հազար դրամ՝ կախված աշխատավարձի չափից:
Լուսանկարը՝ Արսեն Սարգսյանի/NEWS.am











