Ոստիկանության Շենգավիթի բաժնից ազատ են արձակվել այսօր՝ հունիսի 19-ին «Դուրս մեր գրպանից» քաղաքացիական նախաձեռնության կազմակերպած ավտոերթի ժամանակ Արշակունյաց պողոտայից բերման ենթարկված 10 քաղաքացիները: Նրանցից 2-ին վարչական պատասխանատվության են ենթարկել ոստիկանի օրինական պահանջին չենթարկվելու, 6-ին՝ երթեւեկության կանոնները խախտելու համար, 2 քաղաքացի էլ ուղղակի եղել է տուգանային հրապարակ տեղափոխված մեքենաների մեջ։ Այս մասին NEWS.am-ին ասացին նախաձեռնության բերման ենթարկված անդամները։
Արշակունյաց պողոտայից տուգանային հրապարակ եւ Շենգավիթի ոստիկանություն տեղափոխված մեքենաների վարորդներից յուրաքանչյուրին 10 հազար դրամի վարչական տուգանք են նշանակել ճանապարհային երթեւեկության կանոնները խախտելու համար:
«Բայց մենք հենց վաղը դա վիճարկելու են դատարանում, որովհետեւ մենք համաձայն չենք դրա հետ, մենք ոչ մի խախտում չենք արել, գտնում ենք դա ապօրինի, նրանք ցանկացած լծակներ գործի են դնում որ մեր երթերը խափանեն»,- ասաց Արմեն Եփրեմյանը:
Արմեն Վիլյանի կարծիքով էլ՝ ՃՈ ոստիկաններն իրավունք չունեին իրենց տուգանել, քանի որ տարածքում տեսախցիկներ կային։
«Ես վեցերորդ շարքի մեքենաներից մեկի մեջ նստած էի, եւ բարձրախոսով խոսում էի: Ոստիկանները մոտեցան, ձեռնաշղթաներ հագցրին եւ բերեցին այստեղ, եւ ասում են, իբրեւ թե ես նրանց պահանջը չեմ կատարել, այնինչ ինձ ոչ մի պահանջ չեն ներկայացրել»,- Շենգավիթի ոստիկանությունից դուրս գալուց հետո NEWS.am-ին ասաց Գեւորգ Սաֆարյանը:











