Արագաչափերի, կարմիր գծերի եւ տեսախցիկների դեմ պայքարող «Դուրս մեր գրպանից» քաղաքացիական նախաձեռնության այսօր՝ հունիսի 19-ին, կազմակերպած ավտոերթի ժամանակ, երբ երթի սկզբից ոստիկանները փակել էին դեպի կենտրոն տանող ճանապարհը, Արշակունյաց պողոտան շուրջ 2 ժամ խցանված էր, խցանման մեջ էին մնացել նաեւ երթուղայիններ։

Արշակունյաց պողոտայում խցանման մեջ էին երեք 2-րդ համարի եւ երկու 1-ին համարի տրոլեյբուսներ։

2-րդ համարի տրոլեյբուսի վարորդ Մերուժան Օհանյանը գլուխը բռնել եւ այս ու այն կողմ էր քայլում, մտահոգված էր, թե ինչպես պետք է կատարի օրվա պլանը։

«Սենց չեղավ ախր, մենք պլան ենք փակում, մեր մի ռեյսը 4000 դրամ է լինում, ո՞վ պիտի սրա պատասխանը տա։ Երկու ժամ ա կանգնած եմ, ութ հազար դրամ իմ գրպանից ես ո՞նց պիտի տամ։ Ինձ էս պահին հետաքրքիր չի, թե ում պատճառով են ճանապարհը փակել, կարեւորն էն ա, որ ես էսօր դատարկ գրպաներով եմ տուն գնալու»,- NEWS.am-ի հետ զրույցում պատմեց վարորդը։

Վարորդը նաեւ պատմեց, որ մինչ Արշակունյաց պողոտա հասնելը իր տրոլեյբուսը լիքն է եղել, բայց երբ խցանման մեջ են  հայտնվել, ուղեւորների մեծ մասը իջնել են՝ առանց գումարը վճարելու։