Տեխնիկական գիտությունների դոկտոր Վահան Համազասպյանը Հայաստանի տնտեսական խնդիրների լուծումը տեսնում է երկրի հելիոֆիկացման մեջ: Գիտնականը վստահեցնում է, որ արեւային էներգիայի ճիշտ օգտագործումը մի երկրում, որտեղ այն շատ է, հայկական արտադրանքը տարածաշրջանում մրցունակ կդարձնի, ավելին, Հայաստանը կդառնա տեխնոլոգիաներ արտահանող (ֆոտոռեպորտաժ):
Հունիսի 19-ին Վահան Համազասպյանն իր գործընկերների հետ ներկայացրել է արեւային էներգիայի փոխակերպման DVH կոմբինացված նմուշը:
«Ինձ միշտ հետաքրքրել է մեկ հարց. ինչո՞ւ Հայաստանի կիզիչ արեւի պայմաններում մենք չենք կարողանում օգտագործել այն»,- ասաց գիտնականը։ Համազասպյանի թիմը ստեղծել է արեւային տեխնիկայի նմուշներ, որոնք, ըստ նրա, աշխարհում գոյություն չունի, եւ այս տեխնիկայի օգտագործումը Հայաստանին թույլ կտա զգալիորեն թեթեւացնել, փոխել էներգետիկ իրավիճակը։
Հետազոտողի համար հասկանալի չէ երկրի ղեկավարության դիրքորոշումը, որը ոչ մի քայլ չի ձեռնարկում այդ ոլորտի զարգացման համար: Նա նաեւ կարծում է, որ արեւային էներգետիկան Հայաստանում կարող է 60 տոկոսով տնտեսել էներգիայի մյուս տեսակների ծախսը, իսկ այս տեսակի էներգիայի ինքնարժեքը ցածր է. 0,32 դրամ՝ 1 կիլովատ/ժամի համար, չնայած ընդունված կարծիքին, որ արեւային էներգիա ստանալն ավելի թանկ է էներգիայի մյուս աղբյուրներից: Օգտագործելով այդպիսի էժան էներգիան՝ Հայաստանը կարող է մրցակցային առավելություններ ստանալ բոլոր ոլորտներում:
Վահան Համազասպյանը մի քանի թվեր ներկայացրեց: Արեւը մեկ շաբաթվա ընթացքում երկիր է ուղարկում այնքան էներգիա, որքան կարող են տալ գազի, նավթի, քարածուխի եւ ատոմային վառելիքի ամբողջ պաշարները։ Հայաստանի տարածքով տարեկան այնքան արեւային էներգիա է անցնում, որը համարժեք է 14.500 հայկական ԱԷԿ-ի տված էներգիային։ Նույն ատոմակայանի տարածքով անցնող արեւային էներգիան ավելի շատ է, քան ատոմակայանի տված էներգիան։
«Ես պաշտոնապես հայտարարում եմ, որ իմ թիմի հետ ի վիճակի եմ ինձ վրա միասին վերցնել Հայաստանի արդյունաբերության վերականգման խնդիրը եւ փորձել կանխել արտագաղթը»,- հայտարարել է «Հայաստանի հելիոֆիկացում» ծրագրի հեղինակը:
Գիտնականը նաեւ դիմել է Հայաստանի ձեռներեցներին՝ առաջարկելով ներդրումներ կատարել: Նրա խոսքով, Սպիտակում կարելի է արտադրություն կազմակերպել եւ օրական հազարավոր նման DVH սարքավորումներ արտադրել: Սարքավորման գինը կարող է հաշվարկվել 1 կիլովատի համար՝ 100 դոլար բանաձեւով: Ներկայացված փորձնական նմուշն այդ կերպ կարժենա, ասենք, 350 դոլար: Հինգ հոգանոց ընտանիքին էներգետիկ բոլոր կարիքները հոգալու համար հարկ կլինի գնել 20 կիլովատ հզորությամբ սարքավորում, որը կարժենա 2.000 դոլար: Գիտնականը կարծում է, որ կառավարությունը կարող է գյուղատնտեսներին նման սարքավորումներ գնելու համար վարկային միջոցներ տրամադրել:











