Ազգային ժողովին Կառավարության ներկայացրած Կուտակային կենսաթոշակների մասին փոփոխված օրենքի նախագիծը շատ կեղտոտ եւ փնթի է մշակված, որը մեծ ամոթ է։ Այս մասին այսօր՝ հունիսի 21-ին, NEWS.am-ի հետ զրույցում ասաց պարտադիր կուտակային կենսաթոշակների դեմ պայքարող «Դեմ եմ» նախաձեռնության անդամ Գեւորգ Գորգիսյանը։
«Շատ կեղտոտ է եւ փնթի մշակված, որովհետեւ նույն նախադասությունը երկու անգամ է գրված, նախադասության մեջ նույն բառերը երկու անգամ են գրված, կան նաեւ կետադրական եւ ուղղագրական սխալներ։ Նման փնթի, նման ապաշնորհ գործ ներկայացնելը առհասարակ ամոթ է։ Այն վիճակում, որ հիմա հայտնվել է Հանրապետականը, ես կարծում եմ՝ քաղաքական ոչ մի ուժ դրանից ցածր չի կարող ընկնել եւ այս քվեարկությամբ ավելի ցածրացրին իրենք իրենց։ Ուղղակի թքած ունեն ժողովրդի վրա, թքած ունենք օրենքի վրա, թքած ունենք ՍԴ-ի վրա, մտածելով՝ մենք մեր 60 քանի հոգով ինչ ուզում անում ենք»։
Գեւորգ Գորգիսյանը կարծում է, որ Կառավարությունը շտապում է եւ ներկայացրել է օրենքի փոփոխման նախագիծ եւ ոչ թե նոր օրենք, որպեսզի այն ընդունվի եկու ընթերցմամբ.
«Չեմ հասկանում ինչու են շտապում բայց, երեւի հերթական ինչ-որ ֆոկուսներ են։ Երբ որ օրենքի նոր փոփոխություն է մտնում, այնտեղ գրված է՝ օրենքի այս հոդվածում, այս բառը փոխում են այս բառով, այս նախադասությունը փոխում ենք այսինչով։ Այս օրենքում ոչ մի նման բան չկա, սկզբից մինչեւ վերջ նոր օրենք է մշակված, որը պետք է մտներ որպես նոր օրենք։ Բայց մտել է, որպես օրենքի փոփոխություն, որպեսզի երկու ընթերցում լինի եւ ոչ թե երեք։ Օրենքի փոփոխությունը հաստատվում է երկու ընթեցմամբ, նոր օրենքը՝ երեք»:
Նշենք, «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքում փոփոխություններն առաջին ընթերցմամբ ընդունվել են 67 «կողմ» ձայնով։ Ընդդիմությունը իշխանական կուսակցությանը մեղադրել էր՝ ասելով, որ իրականում 64 մարդ է քվեարկել, ինչը պատգամավորների ընդհանուր թվի կեսից էլ քիչ է, ուստի քվեարկությունն անվավեր է։











