Սարդարապատի հուշահամալիրի մոտ այսօր՝ հունիսի 21-ին, «Չիլինգարյան-Մամիկոնյան տոհմ» պատմաազգագրական ՀԿ-ն անցկացրեց «Դարբնի, զինագործի օր» առաջին անգամ նշվող փառատոնը, որին մասնակցեց նաեւ ՀՀ Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը:
Փառատոնը պաշտոնապես բացեցին ՊՆ նախարար Սեյրան Օհանյանը եւ «Չիլինգարյան-Մամիկոնյան տոհմ» պատմաազգագրական ՀԿ նախագահ Մելս Չիլինգարյանը դարբնի զնդանին մուրճով հարվածելով:
«Մենք կարող ենք փաստել, որ եթե Արցախյան գոյապայքարի սկզբնական օրերում երբ մենք մեր ձեռքի տակ ունեցած միջոցներով պատրաստում էինք զենք, զինամթերք, ապա այսօր այն կատարելագործվում է, եւ այն զենք, սպառազինությունը, որ մենք տեսնում ենք, խոսում է նրա մասին, որ ռազմական արդյունաբերությունը Հայաստանում զարգանում է»,-ասաց պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը:
Իր ելույթում նախարարը նշեց, որ հայ զինվորի գործն այսօր խաղաղության պահպանումն է. «Այսօր զինվորը խաղաղություն է ապահովում թեկուզ կյանքի գնով, թեկուզ ոչ պատերազմ, ոչ խաղաղություն իրավիճակում, կարողանում են պահել մեր հայրենիքը, կարողանում են պահել մեր սահմանները եւ նաեւ խաղաղ պայմաններ ստեղծել հայ ժողովրդի խաղաղ արարման համար»:
Միջոցառման ընթացքում գյումրեցի դարբին Գագիկ Մարտիրոսյանը դաշույն նվիրեց Սեյրան Օհանյանին, որը օծվեց «Կարին» ազգագրական երգի-պարի համույթի ղեկավար Գագիկ Գինոսյանի ռազմական պարով:
Նախարարը Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանի,Արմավիրի թեմի առաջնորդի եւ այլ պաշտոնատար անձանց հետ շրջեց տաղավարներով, մանրամասն ծանոթացավ ներկայացված դարբնագործական եւ զինագործական արտադրանքին:
«Անցած շաբաթ ականատես եղանք Զվարթնոցում եւ Գառնիում տեղի ունեցածին եւ այսօրվա միջոցառման մասին կարող ենք միայն ասել, որ գովելի է եւ օրինակելի Սարդարապատում դարբնի եւ զինագործի օրը նշելը»,-իր ելույթում ասաց Արմավիրի թեմի առաջնորդ Սիոն եպիսկոպոս Ադամյանը,որը նաեւ օրհնեց փառատոնը:
Նշենք, որ միջոցառմանը մասնակցում էին Երեւանից եւ տարբեր մարզերից ժամանած դարբիններ, զինագործությամբ զբաղվող կազմակերպություններ, որոնք ցուցադրում էին իրենց արտադրանքը, իսկ դարբիններից ոմանք տեղում ցույց տալիս էին տալիս իրենց վարպետությունը:











