Հունիսի 25-ին, ժամը 18:30-ի սահմանում, Արագածոտնի մարզի Արտենի համայնքում մոտ 30 րոպե տեղացած կարկուտը փչացրել է մրգատու այգիների ամբողջ բերքը:

«Մարդիկ թողել, դաշտերից տուն են եկել, ոչ մի բան չի մնացել: Ես մոտ 50 տոնայի չափ ծիրան, 30 տոննայի չափ սալոր, տանձ ու խնձոր ունեի, բացարձակ  բան չի մնացել, ծառի վրա սկի տերեւ չի մնացել»,- NEWS.am-ի հետ զրույցում ասաց Արտենի համայնքի բնակիչ Արմեն Ծառուկյանը:

Նրա խոսքով` բոլորը վարկ են վերցրել, որպեսզի իրենց այգիները մշակեն, բայց հիմա մնացել են ձեռնունայն:

«10 մլն դրամի վարկ եմ վերցրել, ո՞նց եմ տալու, որ ոչ մի օգուտ չեմ ստացել: Վարկերը գոնե հեչ անեն, կամ սառեցնեն, հողի ջրի հարկը չուզեն, մեղք են էս ժողովուրդը: Մարդիկ վատացել են, րոպեն մեկ շտապ օգնություն են կանչում. Մարդիկ էլ ապրելու ձեւ չունեն, Թուրքիայի սահմանն էլ մոտիկ է. կթողնեն, կգնան Թուրքիա»,-ասաց Արմեն Ծառուկյանը:

Արտենի համայնքի բնակիչ Մխիթար Խաչատրյանի խոսքով` վնասվել են նաեւ առվույտի, գարու եւ ցորենի ցանքարտարածությունները, բայց վնասի չափերը դեռ հայտնի չեն:

Կարկուտից վնասված երեք գյուղերի՝ Արտենի, Արագածավանի եւ Լուսակնի հուսահատ բնակիչներն այսօր  փակել են Արմավիր-Երեւան ճանապարհը, մարզպետ Սարգիս Սահակյանի հետ զրուցելուց հետո, սակայն, բացել են ճանապարհը։ Մարզպետը խոստացել է երեք օրում խորհրդակցե ո գյուղացիներին առաջարկել փոխհատուցման պայմաններ։

«Եթե ժողովուրդը չհամաձայնվի, նորից կարող են ճանապարհ փակել»,-ասաց Մխիթար Խաչատրյանը: