Հայաստանը Եվրասիական տնտեսական միությանը ամեն դեպքում անդամակցելու է, սակայն ժամկետների մեջ հնարավոր են փոփոխություններ: Այս մասին, այսօր՝ հունիսի 26-ին, ՀՀԿ Գործադիր մարմնի նիստից առաջ լրագրողների հետ զրույցում նշել է Հայաստանի վարչապետ Հովիկ Աբրահամյանը:
«Լավ է ուշ քան երբեք, գործընթացներ են, որոնք քննարկվում են: Գործընթացն ամեն դեպքում իրականանալու է, սակայն ժամկետների հարցում հնարավոր են փոփոխություններ»,-ասել է ՀՀ վարչապետը՝ հավելելով, որ հուլիսի 3-ի հանդիպումից շատ բան պարզ կլինի:
Լրագրողների հարցին, թե ԵՏՄ-ին անդամակցելու դեպքում Հայաստանի եւ ԼՂՀ-ի միջեւ մաքսակետ դրվելո՞ւ է, Հովիկ Աբրահամյանը չպատասխանեց:
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանն օրեր առաջ հայտարարել էր, որ Հայաստանի՝ ԵՏՄ անդամակցությունը հուլիսի 3-ից շուտ չի լինի:











