Շատ կարեւոր է, որպեսզի Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահները հանդիպեն, եւ մենք հույս ունենք, որ այդ տեղի կունենա շուտով: Այս մասին «Ամերիկայի ձայն» ռադիոկայանի ադրբեջանական ծառայությանը տված հարցազրույցում հայտարարել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը:

«Այն, ինչ մեզ իսկապես անհրաժեշտ է, նոր փուլի անցնելն է: Հարկավոր է ինտենսիվ բանակցությունների նոր փուլ սկսել՝ գոյություն ունեցող առաջընթացն ամրապնդելու համար»,- ընդգծել է նա: Դիվանագետի խոսքով, Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահները պատրաստակամ են առաջ գնալու հարցում, ինչը տեսանելի էր նոյեմբերին կայացած հանդիպման ժամանակ. «Մենք պետք է դրանից օգուտ քաղենք»:

Ուորլիքը նշել է, որ հասարակ մարդիկ հոգնել են 20 տարվա պատերազմից, եւ նրանք գիտեն, որ վատնվում են ֆինանսական եւ անհատական ռեսուրսները: «Իհարկե, այդ բարդ գործընթաց է, բայց ես կարծում եմ, որ աշխատելով նրանց կառավարությունների հետ՝ մենք կկարողանանք ազդանշան ուղարկել, որ հիմա խաղաղության ժամանակն է»,- հայտարարել է նա:

Ամերիկացի համանախագահը նաեւ անհանգստություն է հայտնել վերջին շրջանում սահմանային գոտում իրավիճակի սրման կապակցությամբ՝ նշելով, որ միջնորդները ցանկանում են, որպեսզի լարվածությունը թուլանա:

Խոսելով Ռուսաստանի դիրքորոշման մասին՝ Ուորլիքը հիշեցրել է, որ տարածաշրջանային վերջին այցի ժամանակ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահներին կոչ է արել ընդունել Ֆրանսուա Օլանդի առաջարկը: «Մենք համաձայն ենք, նրանք պետք է ընդունեն հրավերը եւ կառուցողական երկխոսություն սկսեն: Մենք լավ ենք աշխատում Ռուսաստանի եւ Ֆրանսիայի համանախագահների հետ: ԱՄՆ-ն հավատարիմ է Մինսկի խմբի գործընթացին, բայց մենք նաեւ պատրաստ ենք օգնել երկկողմ կարգով»,- ամփոփել է ամերիկացի դիվանագետը:

Հիշեցնենք, որ Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը վերջերս Հարավային Կովկաս կատարած այցի ժամանակ առաջարկել էր Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների հանդիպում կազմակերպել Փարիզում: