Կարգադրիչները նոյեմբերի 5-ի գործով ամբաստանյալ Արմեն Հովհաննիսյանի կնոջը`Շողեր Հակոբյանին, թույլ չեն տվել մտնել դատական նիստերի դահլիճ եւ մարմնական վնասվածքներ են հասցրել։ Այս մասին այսօր`հունիսի 27-ին Կենտրոն եւ Նորք Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանում հայտարարեց ամբաստանյալ Արմեն Հովհաննիսյանը։

«Ես  բողոք ունեմ, դատարանի դահլիճում գտնվում է իմ կինը եւ ես հիմա նկատում եմ, որ նրա մարմնին վնասվածքներ կան։ Նա մարմնական վնասվածքներ է ստացել է կարգադրիչների կողմից, երբ փորձել է մտնել դատարան: Չհասկացա, ինձնով չեք բավարարվում, իմ կնո՞ջն եք ուզում վնաս հասցնել»,-ասաց ամբաստանյալը։

Դատավոր Մնացականյանը նրան ընդհատեց եւ ասաց. «Եթե որեւէ մեկին վնասվածք է պատճառվել, հենց հիմա  կարող եք հաղորդում տալ, դիմել իրավապահ մարմիններին,  հետաքննություն կսկսվի»։

Հետո դատախազը կարդաց ամբաստանյալ Վարդան Վարդանյանին առաջադրված մեղադրանքը, որը վերջինս չընդունեց, ասելով. «Ինձ խուլիգան մի անվանեք, գնդակահարության դատապարտելու ենթակա ինչ հոդված ուզում եք տվեք, բայց ոչ խուլիգանություն։ Տղես սպա ա, հո չեն ասի` էս խուլիգանի տղեն։ Ես բազմաթիվ զինվորներ եմ դաստիարակել, պաշտոններ եմ զբաղեցրել, եղել եմ փոխգնդապետ ու ինձ խուլիգանության մեջ մեղադրելը առնվազն հիմարություն է։ էն ժամանակ ասեիք, որ խուլիգան եմ, երբ ռուս զինվոր էինք ծեծում, զենք էինք գողանում, առանց զենքի կռիվ էինք գնում, էն ժամանակ ասեիք, որ սա խուլիգանություն ա,  թուրքը վիզս կտրել ա դուք էլ մնացածը կտրեք»,-հայտարարեց Վարդան Վարդանյանը։

Դատական նիստից հետո Շողեր Հակոբյանը NEWS.am-ին պատմեց, որ կարգադրիչներն իրեն քաշքշել են, թույլ չեն տվել դահլիճ մտնել՝ ասելով, որ ինքն անհարգալից վերաբերմունք է ցույց տվել կարգադրիչների հանդեպ. «Վերջին երկու նիստերի ընթացքում կարգադրիչները լարված են իմ դեմ։ Նրանք ասացին, որ պայուսակիս պարունակությունը ցույց տամ, ես այն դատարկեցի սեղանին։ Նրանք կապ հաստատեցին ինչ-որ մեկի հետ, հետո ասացին, որ դա անհարգալից վերաբերմունք է, եւ ինձ քաշքշելով դուրս հանեցին դատարանից, եւ երկար ժամանակ թույլ չէին տալիս մտնել»,- պատմեց Շողեր Հակոբյանը։

Հաջորդ դատական նիստը կկայանա հուլիսի 4-ին:

Հիշեցնենք, որ «Ցեղակրոն» կուսակցության ղեկավար Շանթ Հարությունյանը 2013թ. նոյեմբերի 5-ին, իր մոտ հարյուր աջակիցների հետ Գայ Ֆոքսի դիմակներով «Անոնիմուսների երթ» էր սկսել դեպի նախագահի նստավայր։ Սակայն ոստիկանները Մաշտոցի պողոտայում կասեցրել էին երթը, տեղի էին ունեցել բախումներ, հնչել էին պայթյուններ, ոստիկանները բերման էին ենթարկել 38 ակտիվիստների, այդ թվում՝ Շանթ Հարությունյանին եւ նրա որդուն։ Բախումների հետեւանքով տուժել էր 16 մարդ, այդ թվում ութ ոստիկան: Այս գործով մեղադրանք էր առաջադրվել 14 քաղաքացիների, այդ թվում Շանթ Հարությունյանին եւ նրա անչափահաս որդուն: Շանթ Հարությունյանին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 4-րդ մասի հատկանիշներով (զենքի կամ որպես զենք օգտագործվող առարկաների գործադրմամբ խուլիգանությանը):