Երեւանի ՝ «Բոշի մայլա» անվամբ հայտնի Վերին Շենգավիթ 2-րդ փողոցում ապրող 100-ից ավելի ընտանիքներից շատերը զուրկ են կոմունալ հարմարություններից: Տեղի բնակիչներին, ինչպես իրենք են ասում, պատկան մարմինները հիշում են միայն ընտրություններից ընտրություններ:

«Մեր թաղն ա, բոշի մայլան, բայց բոշա չենք: Բոշեքը փաշա դառան, գնացին՝ տուն ստացան, բայց անունը մնացել ա «Բոշի մայլա»: Օրերից մի օր ոչ ոք էս թաղամասով չի հետաքրքրվել: Թքած ունեն էս թաղամասի վրա: Ուշադրություն չի դարձնում ոչ թաղապետարանը, ոչ քաղաքապետարանը, ոչ  դեպուտատները: 20 տարի ա, ստեղ թաղապետարանից, քաղաքապետարանից մարդ չի մտել: Ընտրությունների ժամանակ եկել են, շատ-շատ խոստումներ են տվել, ընտրությունները վերջացել են, դրանով ամեն ինչ վերջացել ա»,-NEWS.am-ին բողոքեց բնակիչներից Անժելա Ղարիբյանը:

Անժելա Ղարիբյանն արդեն 60 տարի է՝ ապրում է այդ թաղամասում: Կիսաքանդ պատեր ունեցող, իրար մոտ կառուցված տներից շատերում չկան կոմունալ հարմարություններ, գազ: Բնակիչները բողոքում են, որ թեեւ տների մոտ այգիներ ունեն, սակայն ոռոգման ջուր չունեն այն մշակելու համար: Ջրատար խողովակ անցկացնելու համար անհրաժեշտ գումարը շատերի մի քանի ամսվա աշխատավարձն է:

«Կենտրոնական փողոցով ոռոգման ջուր տարան, հարևանս մեծ դժվարությամբ քաշել ա, ես չեմ կարողանում: Ու՞մ դիմեմ, տարին երկու-երեք բերքատու ծառ ա փչանում: Մի հոգի չկա, որ գնաս հանդիպես, կամ ինքը գա հարցնի՝ թե ժողովուրդն էստեղ ոնց ա ապրում: Ուզում եմ, որ որևէ մեկը հետաքրքրվի մեզնով, գան տեսնեն՝ մենք ինչ հարցեր ունենք»,-նշեց Անժելա Ղարիբյանը: