Համացանցում հոլովակ է հայտնվել, որը պատմում է սոցիալական ցանցերի դերի մասին ժամանակակից մարդու կյանքում: Մինի-ֆիլմը, որը ստացել է «What's on your mind?» անունը(«Ինչի՞ մասին եք հիմա մտածում») ավելի քան 6 միլիոն դիտում ունի եւ մոտ հազար մեկնաբանություն:

Նոր մինի-ֆիլմը պատմում է սովորական մարդու ճակատագրի մասին, ում մոտ ամեն ինչ կարգին չէ: Նա սփոփանք գտնում է ֆեյսբուքյան գրառումներում, մեկնաբանություններ ու լուսանկարներ հրապարակում, որոնք իրե հաջողակ լինելու պատրանքն են ստեղծում, հաղորդում է «Ռոսբալտը»:

Ստեղծողները ֆիլմին կցել են հարց. «Facebook»-ը կարող է դեպրեսիա առաջացնել, քանի որ մյուսների կյանքն ավելի գունեղ է… Սակայն արդյո՞ք դա այդպես է»: Դատելով արձագանքներից, որ ստացել է ֆիլմը համացանցում, այն իսկապես արդիական թեմաներ է շոշափում:

Հոգեբաններն արդեն բազմիցս հայտարարել են, որ ծանոթների անհատական էջերի դիտումը սոցցանցում կարող է մարդու մոտ դեպրեսիա առաջացնել: Դա տեղի է ունենում զգացումի պատճառով, թե շրջապատում ավելի հետաքրքիր ու հագեցած կյանքով են ապրում: Սակայն վերլուծության կատարած մասնագետները նաեւ պարզել են, որ մեծամասամբ այդպես չէ, քանի որ հաճախ օգտատերերը նման տպավորություն ստեղծելու համար հատուկ տեղեկություններ են հրապարակում: