Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի անդամները էլեկտրաէներգիայի սակագինը բարձրացնելու հարցի քննարկման ժամանակ նստել են «փայտի նման» եւ ոչ մի ծպտուն չեն հանել: Այս մասին այսօր՝ հուլիսի 1-ին, հանձնաժողովի շենքի առջեւ հավաքված՝ էլեկտրաէներգիայի թանկացման դեմ բողոքող քաղաքացիներին ասաց ԱԺ ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը, որը ներկա էր եղել հանձնաժողովի նիստին:

«ԱԺ 5 խմբակցությունների ներկայացուցիչներ ելույթ են ունեցել, հասարակական կազմակերպությունները նույնպես: Բոլորը առանց բացառության հիմնավորել են չթանկացնելը, եւ ոչ մի հակափաստարկ ամբողջ նիստի ժամանակ չի եղել. քարի նման նստած, փայտի նման նստած՝ ոչ մի արձագանք հանձնաժողովի անդամների կողմից չի եղել»,- ասաց Արամ Մանուկյանը:

Նրա խոսքով՝ նիստին չեն մասնակցել ոչ ֆինանսների, ոչ էկոնոմիկայի, ոչ էներգետիկայի նախարարները:

«Թքած ունեն նրանք, որովհետեւ էս հիմնարկին հրահանգել են սուսուփուս կոճակի տեղ աշխատել, ոչ թե հինգ հոգի, այլ հինգ հատ կոճակ քվեարկեց, որ ամսի 1-ից էլեկտրաէներգիան թանկանա»,- ասաց ՀԱԿ խմբակցության քարտուղարը:

Ընդդիմադիր պատգամավորի խոսքով՝ իրենք հանձնաժողովին առաջարկել են հետաձգել քվեարկությունը, ժամանակ տալ Ազգային ժողովին, որպեսզի ուսումնասիրեն բոլոր փաստերը եւ առաջարկներ ներկայացնեն, սակայն իրենց առաջարկն անտեսվել է. «Եվ տնտեսական, եւ ֆինանսական առումով ներկայացրել ենք փաստեր, որ թանկացումն անհիմն է: Ներկայացրել ենք նաեւ այլընտրանքներ փնտրելու ճանապարհ, ներկայացրել ենք փաստեր, որոնք մինչեւ հիմա չեն եղել: Օրինակ՝ ոչ մեկը չգիտեր, որ մենք Վրաստանից հոսանք ենք գնում, իշխանությունները տարիներ շարունակ թաքցրել են դա»:

Նրա խոսքով՝ քառյակն իր հետագա քայլերի շուրջ կխորհրդակցի եւ տեղյակ կպահի հանրությանը:

Նշենք, որ ակցիան այսօր ավարտվեց, քաղաքացիները վաղը՝ հուլիսի 2-ին, ժամը 19:00-ին կհավաքվեն Մաշտոցի պուրակում՝ հանրային քննարկում անցկացնելու եւ իրենց հետագա անելիքները որոշելու համար:

«Պետք է դիմենք քաղաքացիական անհնազանդության, եթե ոչ այս բաները ոչ մի օգուտ չեն տալու»,- հայտարարեց «Դեմ եմ» քաղաքացիական նախաձեռնության անդամ Հայկ Ավետիսյանը: