ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը կարծում է, որ եթե էլեկտրաէներգիայի սակագնի թանկացման դեմ պայքարը կազմակերպված լինի, ապա թանկացում չի լինի։

«Հիմա բոլորս պետք է կազմակերպվենք, եւ կոչը հետեւյալն է՝ որ յուրաքանչյուր ոք, եթե տեսնում է, որ որեւիցե մի տեղ տեղի է ունենում բողոքի ակցիա, եւ գիտակցելով, որ իր շահից հեռու է այդ բողոքի ակցիան՝ ամեն դեպքում պետք է մասնակցի եւ գիտակցի, որ այդ անարդարությունները կարող են նաեւ իր հետ պատահել։ Մենք պետք է բոլորս կազմակերպվենք, այդ թվում նաեւ կուսակցությունները, քաղաքացիական ակտիվիստները եւ խմբերը, եւ պետք է կազմակերպել համակարգային փոփոխությունը, որն անհրաժեշտ է այս պահին մեր երկրում»,-NEWS.am-ի հետ զրույցում ասաց Զարուհի Փոստանջյանը։

Նրա կարծիքով՝ այն անձինք, որոնք հունիսի 23-ին բռնություն են կիրառել քաղաքացիների նկատմամբ, պիտի պատժվեն անպայման. «Բայց մենք դրան կարող ենք հասնել միայն այն դեպքում, երբ փոխվի ոստիկանների եւ քաղաքացիների քանակը, որպեսզի ոստիկանությունը իրեն զգա փոքրամասնություն եւ ինքն էլ դառնա քաղաքացի, այլ ոչ թե ծառայի՝ որպես վարչախմբի ոստիկան»։

Պատգամավորը նշեց, որ էլէկտրաէներգիայի թանկացումը կհանգեցնի առաջնային սպառման ապրանքների  թանկացմանը. «Մենք բոլորս հասկանում ենք, որ ծանր սոցիալական վիճակում են գտնվում այսօր ՀՀ քաղաքացիները եւ  նրանց 99 %-ը խնդիր ունեն հենց այդ ապրանքները գնելու առումով, եւ հենց դրանով է պայմանավորված նաեւ արտագաղթը»։

ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Էլինար Վարդանյանն էլ NEWS.am-ի հետ զրույցում նշեց, որ  Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը վստահ չէ իր կայացրած որոշման վրա, դրա համար էլ գաղտնի է անցկացնում քննարկումը։

«Մեզ մոտ շատ անընդունելի եւ դատապարտելի իրավիճակ է ձեւավորվում, երբ հանրային հարցերը քննարկում են հանրությունից փակ եւ գաղտնի։ Նման կարեւորագույն որոշումների քննարկման մասնակից պետք է դարձնեն նաեւ հանրության ներկայացուցիչներ։ Ես կարծում եմ, որ հանրային խորհրդում վստահ չեն իրենց կողմից կայացվող որոշման վրա եւ հետեւաբար դա փորձում են ավելի գաղտնի անցկացնել»։

Էլինար Վարդանյանը նշեց, որ ինքն անձամբ չի տեսնում, որ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը կոչված է հանրության շահերը պաշտպանելու, հակառակը այլ տպավորությունն է ստեղծվել իր մոտ։