Հուլիսի 1-ին Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի ընդունած՝ Էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման մասին որոշումը առաջացրել է երեւանցիների դժգոհությունը: NEWS.am-ը հարցում է անցկացրել մայրաքաղաքում՝ պարզելու մարդկանց կարծիքը նոր սակագնի վերաբերյալ:
Երեւանցիներից շատերը, թեեւ նշում էին, որ իրենք դեմ են նոր սակագնին, սակայն իրենց խոսքով՝ կհրաժարվեն Էլեկտրաէներգիայի գումարը վճարել միայն այն դեպքում, եթե համընդհանուր բոյկոտ լինի եւ բոլորը չվճարեն:
«Եթե չվճարեմ,պիտի տանեն դատեն, տանեն գաղութ: Ավելի լավա տանեն գաղութ, էնտեղ հաց կտան կուտեմ, քան թե էդ ավել փողը իրանց կտամ»,-ասաց քաղաքացիներից մեկը:
Հարցման մասնակից բոլոր մարդիկ նշեցին, որ էլեկտրաէներգիայի թանկացման բողոքի ակցիաներին չեն մասնակցում միայն ժամանակ չունենալու պատճառով:
Հիշեցնենք, որ հուլիսի 1-ին Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը որոշում ընդունեց, որով Հայաստանում սպառողների համար էլեկտրաէներգիան այս տարվա օգոստոսի 1-ից կթանկանա 9,9 տոկոսով՝ 3,85 դրամով:
Ցերեկային սակագինը բնակիչների համար 38 դրամից կդառնա 41,85 դրամ՝ մեկ կվ/ժամ-ի դիմաց, գիշերային սակագինը 28 դրամից կդառնա 31,85 դրամ: Գիշերային սակագները գործում են ժամը 22.00-ից մինչեւ առավոտյան ժամը 06.00-ը (մարտի վերջին կիրակիից մինչեւ հոկտեմբերի վերջին կիրակին), եւ ժամը 23.00-ից մինչեւ ժամը 07.00-ն, հոկտեմբերի վերջին կիրակիից մինչեւ մարտի վերջին կիրակին:
Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը թանկացումը պատճառաբանում է «Էլեկտրական ցանցեր» ընկերությունում առաջացած ֆինանսական ճեղքվածքով:











